Մարտի 1-ը մեր ամոթն է, չի կարելի այն վերածել հուշարձանի
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում է մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել Երևանի Մյասնիկյանի արձանի ետնամասում:
Նախատեսվում է հարցը քննարկել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստում, բայց հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար այն ամոթի սիմվոլի վերածելն ու ի ցույց դնելը ողջ աշխարհին:
Իրականում այդ օրը բազմաթիվ մարդկանց համար սեփական ընտանիքի ողբերգության օրը դարձավ և չի կարելի մարդկանց ցավը դարձնել շահարկման առարկա: Այն, որ պետք է բացահայտվեն մարտի 1-ի ողբերգության բոլոր մեղավորները՝ կազմակերպիչներից մինչև հրաման տվողներ, միանշանակ է, սակայն չի կարելի ուրիշի վերքի վրա աղ լցնելով, սեփական քաղաքական օրակարգն իրացնել ու ողբերգությունն օգտագործելով քաղաքական դաշտում կայանալու փորձեր անել:
Մարտի 1-ը մեր ամոթն է, պետության ամոթը: Չի կարելի այն հուշարձանի տեսքով աշխարհին ի ցույց դնել, թե տեսեք՝ ինչպես ենք ինքներս մեզ ոչնչացնում:
Ի դեպ, հետաքրքիր է, թե քաղաքական գործիչներն, ովքեր ամեն անգամ պատեհ կամ անպատեհ առիթով փորձում են շահարկել մարտի 1-ը, ողբերգական դեպքերի պատճառով զոհվածների շիրիմներին ու նրանց ընտանիքներին ընդհանրապես այցելո՞ւմ են, թե՝ ոչ: Չէ՞ որ զոհվածներն առաջին հերթին քաղաքական պայքարի զոհեր են: Եվ այսօր նրանց արյունը շահարկելն ու քաղաքի կենտրոնում նրանց հիշատակը հավերժացնող արձան տեղադրելն ավելի շատ զոհվածների ու նրանց հարազատների հանդեպ քամահրական վերաբերմունքի արտահայտություն կարող է ընկալվել:
Արմինե Գրիգորյան
past.am