«ԵԾ»-ն իշխանությունների պատվերն է կատարո՞ւմ
ПОЛИТИКАԵրևանի ավագանու «Երկիր ծիրանի» և «Ելք» խմբակցությունների ջրերը շարունակում են մի առվով չգնալ: Իրականում կարելի է քաղաքական նոնսենս համարել, երբ երկու ընդդիմադիրներ չեն կարողանում միմյանց հետ արդյունավետ համագործակցել: Ու չնայած կողմերը առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, սակայն միանշանակ է, որ Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ նկատարած հայտարարությունը, թե գալիս է բոլորի կյանքը դժոխքի վերածելու, կարծես թե ստացվում է:
Ու չնայած նրա քայլերը «Ելք» խմբակցության ղեկավար Ալեն Սիմոնյանը քաղաքական անփորձության հետևանք է անվանում, բայց փաստն այն է, որ ավագանու երկու ընդդիմադիրներն արդեն բավական բացահայտ ցույց են տալիս, որ իրար հետ չեն կարողանում ո՛չ շփվել, ո՛չ էլ միմյանց հանդուրժել: Քաղաքական մեկնաբաններից շատերի կարծիքով սա պայքար է ընդդիմադիրի ամենա-ամենայի տիտղոսի համար, բայց որ երկու խմբակցությունները կարող են նման դաժան պայքար մղել միմյանց դեմ, իսկական զավեշտ է:
Ավագանու վերջին նիստի օրը խմբակցության անդամների կողմից փոխհրաձգության հերթականությունն ու բովանդակությունը մի կողմ թողնելով նշենք, որ իրականում եթե «ԵԾ»-ն նպատակ ունի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցողիկ ձայներ ապահովելով տեղ զբաղեցնել ԱԺ-ում, ապա «Ելքը» ձեռք բերածը չկորցնելու համար է պայքարում: Եվ այս ճանապարհին հին ու նոր կամ մեծ ու փոքր հիշելը ոչ միայն ընդդիմություն ասվածի իմիջին է վնասում, այլև բովանդակությանը, հարվածելով նաև Հայաստանում առհասարակ ընդդիմություն ունենալու հեռանկարին:
Ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանը սեփական խաղը խաղալու և շրջապատին այն պարտադրելու ճանապարհին, ձեռքի հետ էլ սպանում է առհասարակ ընդդիմություն ունենալու սաղմերը: Եվ ստացվում է, որ «Ելք» - «ԵԾ» հակամարտությունը ևս նպաստում է միաբևեռ քաղաքական համակարգի ամրապնդմանը:
Հարց է առաջանում, թե արդյոք «ԵԾ»-ն իր բոլոր նախկին ու ներկա գործընկերներին հերթով ոչնչացնելով՝ չի՞ կատարում հենց իշխանությունների պատվերը, միևնույն ժամանակ օգնելով, որ ներկա իշխանությունները դեռ երկար ժամանակ կարողանան ցույց տալ, որ քաղաքական դաշտի միակ ու անկրկնելի կարող ուժն իրենք են:
Արմինե Գրիգորյան