Կարինե Նալչաջյան. «Վերապահումներով եմ մոտենում ՄԱԿ-ի զեկույցին»
ОБЩЕСТВОԵրջանի՞կ, թե դժբախտ է Հայաստանը
ՄԱԿ-ի «Երջանկություն 2Օ18» զեկույցում Հայաստանը աշխարհի 156 երկրների ցանկում զբաղեցրել է 129-րդ տեղը։ Զեկույցը հրապարակվել է մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրվանն ընդառաջ: Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Ֆինլանդիան:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ նման զեկույցը որքանո՞վ կարող է իրապես արտացոլել երջանկությունը, և արդյոք ճիշտ է երջանկություն ասվածը դիտարկել գլոբալ հարթության մեջ:
«Պետք չէ այդքան լուրջ վերաբերվել այդ հարցումներին, գրանցած արդյունքներին և զեկույցների մեջ ամփոփված եզրակացություններին: Երջանկությունն այնքան սուբյեկտիվ է, այնքան բարդ հոգեվիճակ: Երջանկության մասին այդպես գլոբալ խոսելը, ասել՝ երկիրը երջանիկ է կամ երջանիկ չէ, այդքան էլ տեղին չէ: Ես չգիտեմ, թե ինչ խորության կամ ինչ մասշտաբների ուսումնասիրություն կամ հետազոտություններ պետք է կատարեն, որ այդպիսի եզրակացության գան: Այնպես որ՝ զեկույցն ինձ բոլորովին չի տխրեցնում: Կարևորը մարդկանց իրապես երջանիկ լինելու զգացողությունն է: Հետո, բացի դրանից, ի՞նչ մեթոդներով պետք է աշխատեն, որ, օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, Կանադայի, Հայաստանի և Ռուսաստանի պարագայում նույն չափանիշներն իրար կողքի դնեն ու մի եզրակացության գան: Մենք էլ արդյունքում կասենք՝ «վայ, ինչ դժբախտ ազգ ենք», ինչի հետ ես համամիտ չեմ: Նման հետազոտությունները մակերեսային են»,-Past.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ այդ հարցումներով, համենայն դեպս, չեն կարող բացահայտել մարդու ներաշխարհը:
«Իսկ մենք երջանի՞կ ենք, թե ոչ: Բնականաբար, մեր ժողովուրդը հազար ու մի հոգս ու խնդիր ունի: Ասել, թե շատ երջանիկ ենք, սխալ կլինի: Բայց մենք նաև շատ պատճառներ ունենք երջանիկ կամ լավ հոգեբանական վիճակում գտնվելու համար: Այնպես որ՝ ես շատ-շատ մեծ վերապահումներով պետք է մոտենամ այդ զեկույցում առկա արդյունքներին: Անգամ մեկ մարդու պարագայում դժվար է ասել՝ նա երջանիկ է, թե ոչ: Մեր կյանքի ինչ-որ փուլում մենք կարող ենք մեկ երջանիկ լինել, հետո կարող ենք կյանքից հարվածներ ստանալ: Կարող է թվալ, թե ամեն ինչ մութ է, ուրախություն կամ երջանկություն չկա, բայց հետո այդ զգացումներն անցնում են: Սրանք սուբյեկտիվ զգացողություններ են: Մարդն անհատականություն է: Ինչ-որ հանգամանքների առկայությունը մեկին կարող է երջանիկ դարձնել, մյուսին՝ ոչ: Կան մարդիկ, ովքեր բնույթով այնպիսինն են, որ նույն հանգամանքների առկայությունը դեռ շատ քիչ է երջանիկ զգալու համար: Մարդը կարող է իրեն երջանիկ զգալ, երբ հասնում է անգամ փոքրիկ նպատակների»,-հավելեց Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը նկատում է՝ թեև զեկույցներին լուրջ վերաբերվել պետք չէ, այդուհանդերձ, բոլորը չէ, որ կարող են վերապահումով մոտենալ նման զեկույցներին:
«Զեկույցները կարող են հակադարձ ազդեցություն թողնել: Մարդիկ կարող են ասել՝ «ինչ տխուր ժողովուրդ ենք»: Ամեն դեպքում, մեծ նշանակություն չպետք է տալ այս զեկույցներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան