Մեծաքանակ աշխատատեղեր ու նոր հնարավորություններ. «Մուլտի գրուպ կոնցեռնի» խոշոր ներդրումային ծրագիրը
ЭКОНОМИКА«Մուլտի գրուպ կոնցեռնը» Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շարունակում է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված իր ուղին: Այս անգամ ուղղությունը միանգամից մի քանի ոլորտ է ընդգրկում: Խոսքը տեքստիլ արդյունաբերության, արևային համակարգերի, ոսկու և կրիպտովալյուտիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագրի մասին է: Ներդրումային ծրագրի շնորհիվ մեր երկիրը ևս չի շրջանցի կրիպտովալյուտաների այն հաղթարշավը, ինչի մասին խոսում ու փաստում են ամբողջ աշխարհում:
Ընկերությունների համար կարևորն ապահով ու վստահելի գործընկերն է, որի վառ օրինակը Գագիկ Ծառուկյանն է. միանգամից մի քանի ոլորտ ընդգրկող ներդրումային ծրագրի համագործակցության շրջանակն այս առումով կրկին լայն է:
Ծրագրի շնորհիվ ստեղծվելու է հսկայական տեխնոպարկ, որն իր նախադեպը չի ունենալու: Կվերականգնվի տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը: Ընթացքի մեջ է «ՍաբաղԳրուպ» ընկերության հետ դեռ ամիսներ առաջ կնքած ներդրումային պայմանագրով նախատեսված արդյունաբերական քաղաքի շինարարությունը: Ծրագրի արդյունքում 5000 աշխատատեղ կստեղծվի, կկառուցվի 10-13 գործարան, ներդրումների ծավալն էլ կգերազանցի 75 մլն դոլարը: Այս ամենի իրականացումը սարերի հետևում չէ՝ առաջին գործարանի բացումը նախատեսված է երկու ամսից:
Ներդրումային ծրագրի արդյունքում շուտով արևային համակարգերի շուկայում նոր ընկերություն կգործի.«Մուլտի սոլար» ընկերությունը մրցունակ կլինի շուկայում: Բացի հսկայական ներդրումներից՝ արդյունքում 200 նոր աշխատատեղ կբացվի: Բացի ներքին սպառումից՝ ընկերությունը դուրս կգա միջազգային շուկա: Արևային համակարգերի զարգացմանն ուղղված այս ծրագիրը կառանձնանա նրանով, որ մեծ հնարավորություն կստեղծի հայ գիտնականների համար: Գործարանին կից գործող գիտահետազոտական կենտրոնի շնորհիվ նրանք կարող են կյանքի կոչել իրենց գաղափարները:
Ներդրումային խոշոր ծրագրի մեջ կարևորվում է նաև ՓՄՁ ոլորտի զարգացումը: «Առինջ մոլ» մեծածախ առևտրի տարածքի հարևանությամբ երկհարկանի ոսկու շուկա կբացվի, որն իր մասշտաբներով ու պայմաններով միակը կլինի հանրապետությունում: Կենտրոնում աշխատելու հնարավորություն կունենա ՓՄՁ 8000 ներկայացուցիչ: Իսկ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նրանք մեկ տարի տաղավարների գումար չեն վճարի:
Աննա Բադալյան
Past.am