Վոլոդյա Ավետիսյան. «Ամբողջ ազգը դուրս գա՝ 3 օրում մի քանի հոգու հեռացնելով երկիրը կփրկենք»
ОБЩЕСТВОԱզատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու իր մի քանի ընկերներ Ազատության հրապարակում այս պահին նստացույց են իրականացնում:
Ավետիսյանը պատասխանել է Past.am-ի մի քանի հարցերին:
-Պարոն Ավետիսյան, ո՞րն է նստացույցի նպատակը:
-Նպատակը հանրությանն արթնացնել է, ցույց տալ, որ պետք է պայքարել այս անօրինական իշխանությունների դեմ, պետք է այս իշխանություններին հեռացնել, որպեսզի մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն, իրենց կարծիքի համար մարդիկ չդատվեն, օրենքով պետություն ունենալու համար: Եվ Սերժ Սարգսյանին թույլ չտանք իր բանդայով վերարտադրվի:
-Առիթը երեկ հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռնե՞րն էին:
-Առիթն ընդհանուր Հայաստանի իրավիճակն է: Ես մեկ ուղղվածությամբ չեմ պայքարում: Պետք է ապրենք առանց քաղբանտարկյալների: Ես պայքարում եմ օրենքով պետություն ունենալու համար, իսկ դրա մեջ մտնում են բոլորը:
-Ակնկալիք ունե՞ք, որ այսպես ինչ-որ արդյունք կունենաք: Հիմա ձեզ միացողներ կան:
-Ես ցանկություն ունեմ փոխելու, դուրս եմ եկել փողոց, ով ցանկություն ունի փոխելու, թող դուրս գա՝ փոխի, ով ցանկություն չունի փոխելու՝ վախեցած ապրում է, թող վախեցած ապրի:
-Ձեզ մոտ մտավախություն չկա՞, որ այս քայլերի արդյունքում կրկին կհայտնվեք ճաղերի հետևում:
-Ոչ, ես ոչնչից չեմ վախենում:
-Առհասարակ Հայաստանում հնարավո՞ր է նստացույցով ինչ-որ բան փոխել, ինչ-որ բանի հասնել:
-Նստացույցը նրա համար է, որ ժողովրդին կրկին արթնացնենք, հիշեցնենք անընդհատ, որ մենք պետություն, երկիր, հայկական արժանապատվություն ենք կորցնում, որ պետք է ոտքի կանգնել: Ընդամենը մի քանի հոգու հեռացնելով՝ երկիրը կփրկենք, բայց պետք է, որ ամբողջ ազգը երեք օրով դուրս գա փողոց:
-Կարծո՞ւմ եք կլինի դա, կհաջողվի՞ այս անգամ:
-Ես չգիտեմ կհաջողվի, թե՝ ոչ: Իմ քաղաքացիական պարտքն է, ես կատարում եմ: Ես պայքարում եմ անօրինականության, բռնապետական ռեժիմի դեմ և ցանկանում եմ ունենալ օրենքով ու ապահով պետություն ու ժողովուրդ:
-Նստացույցին միայնա՞կ եք, թե ունեք համախոհներ, ովքեր միացել են ձեզ:
-7-8 հոգի հավաքվել ենք, մարդիկ գալիս-գնում են: Կարծում եմ՝ դեռ կմիանան ընթացքում:
-Քանի՞ օր եք պատրաստվում անցկացնել նստացույցը:
-Երևի 3-4 օր: Բայց դեռ չգիտեմ՝ գիշերները կմնանք, թե՝ ոչ: Երեկոյան կերևա:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը չորս տարի առաջ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իսկ նախորդ տարի համաներմամբ ազատ արձակվելուց հետո անմիջապես գնացել էր կառավարության շենքի դիմաց ու նստացույց սկսել: Պահանջն այն ժամանակ կրկին նույնն էր՝ Հայաստանը օրենքի երկիր դարձնել:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ