Դիվանագետների հետկանչն ու արտաքսումը`«գոտկատեղից ներքև հարված» Ռուսաստանին
ПОЛИТИКАԱյս օրերին Ռուսաստանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցիչներ վերադառնում են հայրենիք, ավելի ճիշտ՝ արտաքսվում են այն երկրներից, ուր մենկել էին դիվանագիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Միաժամանակ, տեղի է ունենում նաև հակառակ գործընթացը՝ որոշ երկրներ Ռուսաստանից հետ են կանչում իրենց դեսպաններին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին:
Այսպես, օրերս հետ են կանչվել Իռլանդիայի՝ Ռուսաստանի Դաշնությունում դեսպանն ու Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան է արտաքսվել 140 դիվանագիտական ներկայացուցիչ: Այս ամենն արվում է ի աջակցություն Մեծ Բրիտանիայի:
Բանն այն է, որ ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ քիմիական արգելված տարբերակով, նյարդապարալիզացնող նյութով թունավորման գործում Մեծ Բրիտանիան մեղավոր է ճանաչում ՌԴ-ին: Հայտարարություն կար, թե թունավոր նյութը ռուսական ծագում ունի, սակայն պաշտոնական Մոսկվան հերքել է այս մեղադրանքները:
Նշենք, որ այս պահին ամենից շատ արտաքսված դիվանագետները ԱՄՆ-ից են՝ 60 հոգի: Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 23 ներկայացուցիչներ էլ Ռուսաստան են վերադարձել Լոնդոնից: Եվս 13 դիվանագետ էլ արտաքսվել է Ուկրաինայից: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից ու Կանադայից հետ են ուղարկվել դեսպանական ներկայացուցչության 4-ական անդամներ, Չեխիայից ու Լիտվայից՝ 3-ական դիվանագետներ, Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից ու Ալբանիայից՝ դեսպաններն ու 1-ական ներկայացուցիչները, Իռլանդիան, Լատվիան, Էստոնիան, Ռումինիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Հունգարիան, Շվեդիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան հետ են կանչել դեսպաններին:
Ռուսաստանի շուրջ ստեղծված այս «շրջափակման» շուրջ Past.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ:
Այսօր այնպիսի տպավորություն է, թե բոլոր երկրները դեմ են դուրս եկել Ռուսաստանին՝ հաշվի առնելով մի շարք պետություններից ռուս դիվանագետների արտաքսումն ու Ռուսաստանում գտնվող դեսպանների հետ կանչը: Սա ինչի՞ կարող է հանգեցնել: Սրան ի պատասխան՝ Սուքիասյանը նշեց, որ հիմա շատ դժվար է վերջնական արդյունք կանխատեսել, որովհետև իրենք ավելի շատ դինամիկան պետք է նայեն, իսկ ընթացքը կարող է փոխվել: Ըստ քաղաքագետի՝ թեև վերջնական արդյունք չեն կարող որոշել, բայց այն, որ Ռուսաստանին չափավորում են, հաստատ է:
«Ռուսաստանը հիմա գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել, միջուկային զենքով տեղավորվում է տարբեր տեղերում՝ Սիրիայում և այլն: Հավանաբար այդ գերտերությունները հասկացել են դա, խփում են ոտքերին, որպեսզի ոտքի չկանգնի: Իսկ Ռուսաստանն էլ գերտերություն ասելով երևի ԽՍՀՄ-ի անցյալը նկատի ունի»,- նշեց նա:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Սկրիպալի թեման միայն առիթ էր և ոչ այս գործողությունների հիմնական պատճառը, քաղաքագետը նկատեց, որ, այո, պատճառը չէ, այլ նպաստող գործոն, որը պարզապես արագացրեց այս գործընթացը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ