Ռուբեն Եգանյան. «Առանց արմատական, հեղափոխական փոփոխությունների հնարավոր չի լինի երկրում իրավիճակ փոխել»
ПОЛИТИКАԺողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով, եթե Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար հստակ, արդյունավետ քայլեր են իրականացնում ու արդյունքի են հասնում, ապա Հայաստանում արդյունքներն այդպիսին չեն: Ու չնայած ՀՀ սոցապնախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, բայց դրանց արդյունավետության մասին կարելի է դատել օր օրի աճող արտագաղթի տեմպերից:
«Ռուսաստանում նույնպես ժողովրդագրական առումով վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ մեզ մոտ է, բայց նրանք ունեն միգրացիոն ներհոսք: Այսինքն, Ռուսաստան ժամանողների թիվն էապես տարբերվում է մեկնողների թվից: Եվ այդ տարբերության հաշվին Ռուսաստանում բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է»,- Past.am-ին ասաց Ռ. Եգանյանը:
Նրա դիտարկմամբ, վերջին 30 տարում, Հայաստանի բնակչության թիվը գնալով միայն նվազում է: Հարցին, թե իրականում ինչ ծրագրեր է իրականացնում սոցապնախարարության ժողովրդագրության բաժինը, երբ տարիներ շարունակ ձեռնարկված քայլերի օգտակար գործողության գործակիցն այդպես էլ 0-ից չի աճում, ժողովրդագետը նշեց, որ իրենց կողմից իրականացվող քայլերի մասին պետք է նախարարությունից տեղեկանալ, սակայն հարցն այն է, թե դրանք որքանո՞վ են արդյունավետ և նպատակային: Ու եթե իրականում նպատակային և արդյունավետ լինեին, ապա բացասական արդյունք չէինք ունենա:
Խոսելով Սերժ Սարգսյանի՝ օրերս 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին, Ռ. Եգանյանը նշեց, որ միայն իշխանությունների, քաղաքական ուժերի, էլիտաների, ու մնացած բոլոր ուժերի գեր մոբիլիզացիայի դեպքում գուցե հնարավոր լինի նման արդյունքի հասնել:
«Եթե Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ չլինեն, ոչինչ էլ չի ստացվի: Դրան հասնելու համար նախ պետք է հասկանալ, թե որոնք են արտագաղթի պատճառները, փորձել գտնել դրանց վրա ներազդելու ձևերը, միջոցներն ու հնարավորությունները ու այդ ճանապարհով փորձել իրավիճակը փոխել: Իսկ արտագաղթի պատճառները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրողություններ ու բարոյահոգեբանական իրավիճակ: Եվ այդ ամենի համալիր ներգործության արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու եթե ցանկանում ենք այս իրավիճակը փոխել, ապա պետք է թվարկածս բոլոր հարթություններում տիրող իրավիճակը փոխենք: Ընդ որում, հարկավոր է փոխել ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, այլ՝ արմատապես և հեղափոխական ճանապարհով»,- ասաց Ռ. Եգանյանը:
Նա համոզված է, որ առաջին հերթին պետք է գիտակցել, որ առանց այդ փոփոխությունների ոչ մի բան դեպի լավը չի փոխվի, ընդհակառակը՝ գնալով ամեն ինչ կվատանա: Ուստի պետք է և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ համազգային բոլոր ջանքերն ուղղել այդ նույն նպատակին, որպեսզի հնարավոր լինի իրավիճակ փոխել:
«Ես մի քիչ ուտոպիստական բան եմ ասում, բայց, դժբախտաբար, իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա հնարավոր չի լինի: Իսկ եթե շարունակվի «лебедь, щука, рак» մոտեցումը, և եթե իշխանությունները մտածեն ոչ թե երկիրը զարգացնելու, այլ ամեն քայլի գնով իրենց իշխանությունը պահելու մասին, իրավիճակը մնալու է նույնը՝ անընդհատ վատացման միտումներով»,- ասաց Ռուբեն Եգանյանը:
Արմինե Գրիգորյան