Միակ ճանապարհը խաղաղ ընդվզմամբ իշխանափոխության հասնելն է. Արամ Հարությունյանը հացադուլ է հայտարարել
ПОЛИТИКА«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Կուսակցության նախագահը հացադուլն անցկացնում է Ազատության հրապարակում:
Ա. Հարությունյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլը կիրականացնի ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
«Սա այն շրջանն է, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես գտնվում է կլինիկական մահի կարգավիճակում: Սա բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը որևէ իրավական լծակ չունի: Սա ամենահեշտ տարբերակն է արդյունքի հասնելու համար. եթե ժողովուրդը ընդվզի, հնարավորություն կլինի այնպես անել, որ վարչապետի ընտրությունները չկայանան: Արդյունքում նոր ընտրություններ կանցկացվեն, և լեգիտիմ իշխանություն կընտրվի: Բայց այդ ամենի նախապայմանը պետք է լինի քաղաքական ուժերի համախմբումը, որը նաև հույս կառաջացնի ժողովրդի մոտ»,-ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:
Հարցին, թե այս պահին համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ այդ հնարավորությունը: Կան մի քանի նախաձեռնություններ՝«Հանուն Հայաստան պետության ճակատը», «Իմ քայլը», մեր նախաձեռնությունը: Մենք համահայկական խնդիր ունենք, և այդ խնդիրը պետք է մեր ներսում լուծենք: Մենք իրավունք չունենք սպասելու մինչև ինչ-որ մեկը զենքով հարցեր լուծի՝ դա էլ ճանապարհ չէ: Միակ ճանապարհը ժողովրդի խաղաղ ընդվզման միջոցով իշխանափոխության հասնելն է: Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ոլորտներում: Արտաքին պարտք, 800 հեկտար «անպիտան» հող և այլն: Այդ ամենը խոսում է այն մասին, որ որևէ ցուցանիշ կամ պատճառ չկա, ըստ որի Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության մեջ»:
Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում հացադուլն արդյո՞ք պայքարի ամենաճիշտ ձևն է:
Ի պատասխան, նա ընդգծեց, որ հացադուլն ինչ-որ տեղ ուշադրություն գրավելու համար է:
«Հացադուլը նաև այն տարբերակն է, որի միջոցով քաղաքական ուժերին միավորվելու կոչ է արվում: Մենք բոլորս կարող ենք խոսել միավորման մասին, բայց ամեն մեկն ասի՝ եկեք ու իմ հետ միավորվեք: Բայց այդպիսի խնդիր չկա՝ բոլորը պետք է հավաքվեն մեկ հարթակի վրա: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք խաբում ենք ժողովրդին: Եթե մեր նպատակը միավորվելը պետք է լինի, ամեն մեկը չպետք է առանձին ցույց անի ու ասի՝ դու արի այստեղ»,-հավելեց կուսակցության նախագահը:
Արամ Հարությունյանը նշեց, որ առաջիկա հանրահավաքին իրենց կուսակցությունը ևս մասնակցելու է:
Աննա Բադալյան