Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը
ОБЩЕСТВОԵրևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված հանրահավաքները, ակցիաները: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործողությունների ծրագիրն օր օրի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում. Երևանի համայնքներից, մարզերից մինչև Սփյուռքի հայկական համայնքներ: Այս օրերին հավաքների ու ակցիաների անմիջական մասնակիցն են նաև ուսանողները: Զուգահեռ՝ նույն ուսանողների ու ցույցի մասնակիցների կողմից տարածվում են տեղեկություններ համալսարաններում առկա ճնշումների մասին:
Օրինակ, որ ուսխորհուրդների նախագահներն արգելում են մասնակցել հավաքներին, ինչպես նաև՝ որոշ համալսարաններում անգամ արգելափակվում են Facebook-ը, Youtube-ը, «Ազատությունը»:
Կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր բացատրությունն ունի:
«Ես այն մարդկանցից եմ, որ նման իրավիճակներին նայում եմ ավելի համընդհանուր ձևով: Մենք ոչ միայն պետք է քննարկենք, թե այս պահին ի՞նչ է տեղի ունենում, այլև պետք է փորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Որպես դասախոս, ասեմ, որ հատկապես վերջին տարիներին ուսխորհուրդները կուսակցականացան, և հնարավոր է, որ որոշակի ֆինանսական միջոցներ են ստացել: Բացի այդ, կարծես ուսանողների բաժանում կար: Այսինքն՝ ուսխորհուրդները փորձում էին դառնալ երիտասարդ կարիերիստների կենտրոններ: Եվ հասկանալի է, որ այս ընթացքում ուսանողության մի զգալի հատված անտեսված էր, հիասթափված և իրենց դուր չէր գալիս ուսխորհուրդների այդ պահվածքը: Եվ հիմա փողոց դուրս եկած ուսանողները հիմնականում նրանք են, ովքեր անտեսվել են, արհամարհվել, կամ էլ սկզբունքորեն չեն ցանկացել համագործակցել ուսխորհուրդների հետ: Պարզ է, որ այս իրավիճակներում ուսխորհուրդները պետք է փորձեն ինչ-որ սահմանափակող բաներ անել, որովհետև իրենց շատ գումար ու ռեսուրս է տրվել, որ ուսանողությանը կառավարելի դարձնեն: Հիմա այդ ծրագիրը կարծես ձախողվում է և պարզվում է, որ ուսանողությունը կառավարելի չէ և դուրս է եկել փողոցներ: Պարզ է, որ հիմա իրենք պետք է փորձեն սահմանափակումներ անել, որովհետև եթե ուսանողությունը դուրս է եկել վերահսկողությունից, ապա դա նաև այդ պրոյեկտի ձախողման մասին է խոսում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ բումերանգի էֆեկտ է:
«Այն անտարբերությունը, ֆինանսական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ մենք ցույց ենք տվել կրթության համակարգի նկատմամբ, այսօր բումերանգի նման հետ է գալիս: Այսինքն՝ եթե մենք լավ մոտեցում ցուցաբերեինք մեր դպրոցների, մեր երեխաների և ուսանողների նկատմամբ, նրանք միգուցե այս ձևով չըմբոստանային: Այս ըմբոստությունը կրթությունը քաղաքականացնելու բումերանգի էֆեկտն է: Հիմա լոզունգներ են հնչում, թե պետք չէ կրթությունը քաղաքականացնել: Բայց ո՞վ է սկսել այդ պրոցեսը: Տարիներ շարունակ կրթության համակարգը, այսպես ասած, քաղաքական խաղացող են դարձրել, իսկ հիմա մարդիկ հակառակ խաղն են խաղում: Այսինքն՝ այն, ինչ արվել էր իրենց հանդեպ, դրա պատասխանն են տալիս: Սա է խնդիրը»,-ընդգծեց նա:
Կրթության փորձագետը շեշտեց՝ բացի այդ, շատ զգույշ պետք է լինել:
«Ես չեմ հասկանում նաև այս բռնությունների իմաստը, որովհետև սա էլ կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Այսինքն՝ երիտասարդությունը այն սովետական երիտասարդությունը չէ, որ իրեն պատժես՝ խելոքանա: Բռնությունը կարող է ավելի բազմապատկել նրանց թիվը: Զուգահեռ՝ տեսնում ենք մի իրավիճակ, երբ իսկապես անհաղորդ են երիտասարդությանը: Նույնիսկ չեն տեսնում, թե ինչպես է գործում, ինչ է մտածում այսօրվա երիտասարդությունը: Պետք է զգույշ լինել՝ սովետական երիտասարդությունը չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան