ԱՎԾ տվյալներով Հայաստանում անչափահաս մուրացիկները երկուսն են
ОБЩЕСТВОԸստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության՝ 2017թ. տարեվերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է երկու մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս՝ երկուսն էլ տղա: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված ուսումնասիրությունից: Ըստ վիճակագրության՝ այդ երկու մուրացիկներից մեկը ապրում է Երևանում, մյուսը՝ Կոտայքի մարզում: Ընդ որում, այդ երկու մուրացիկների տարիքը տատանվում է 14-15-ի սահմաններում:
Դիտելով մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակի շարժը 2002-2017 թթ. ընթացքում՝ տեսնում ենք, որ անցած տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում անչափահաս մուրացկանների թիվը նվազել է մոտ 56 անգամ: Այսպես, 2002 թ. տվյալների համաձայն՝ գրանցվել էր 111 մուրացիկ, որից 37-ը՝ աղջիկներ: Երեք տարի անց արդեն 18 տարին չբոլորած մուրացիկների թիվը կտրուկ նվազել էր՝ հասնելով 46-ի, որից միայն 8-ն էին իգական սեռի ներկայացուցիչներ: Դրանից հինգ տարի հետո՝ 2010 թ. կրկին անգամ կրկնակի նվազում էր դիտարկվել: Այդ տարի հաշվառվել էր միայն 20 թափառաշրջիկ: Հաջորդ տարիներին այս թիվը կրկին նվազում էր: 2014 թ. գրանցվել էր 7 մուրացիկ, որոնց մեջ աղջիկներ չկային: Ըստ վիճակագրության՝ այդ տարվանից հետո մուրացիկների մեջ առհասարակ աղջիկներ չեն եղել:
Նշենք, որ երկու տարի առաջ անչափահաս մուրացկանների թիվը կրկնակի աճել էր՝ դառնալով 13: Իսկ հաջորդ տարի՝ 2017թ.-ին, կրկին նկատելի անկում էր գրանցվել և հաշվառվել էր միայն երկու մուրացիկ: Սա, իհարկե, պաշտոնական տվյալներով, այսինքն՝ սոսկ գրանցվածները: Սակայն այնպիսի տպավորություն է, որ ԱՎԾ-ում վաղուց մարդիկ փողոց դուրս չեն գալիս...
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



