ՀՀ մարմնամարզության հավաքականը հայրենիք վերադարձավ աշխարհի առաջնությունից
СПОРТՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լուսաբացին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի 46-րդ առաջնությունից Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով հայրենիք վերադարձած մարմնամարզության ՀՀ հավաքականին , որի կազմում էր նաև աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Հարություն Մերդինյանը:
Նախարարը շնորհավորել է Հ. Մերդինյանին, նրա մարզիչներին, մեր մյուս մարզիկներին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին՝ թիմային հրաշալի ու համագործակցված աշխատանքի շնորհիվ նման հաջողության հասնելու և նորանկախ Հայաստանի պատմության մեջ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում առաջին անգամ նվաճած մեդալի կապակցությամբ:
«Մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանի նվաճած բրոնզե մեդալը երկար տարիների աշխատանքի արդյունք է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Մեր հավաքականին օդանավակայանում դիմավորել են նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը, մարզիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու թիմակիցները: