Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար
ЭКОНОМИКАԳեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի տարածքներում նկատված ծղրիդների մեծ քանակությունը, չնայած բնակիչների արտահայտած մտահոգությանը, վնասակար չի կարող լինել ինչպես ցանքերի, այնպես էլ խոտհարքերի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Սարգիս Ավագյանը, բնակիչներին մտահոգել է ծղրիդների անսովոր շատ քանակությունը, որը կապվում է նախորդ տարվա երաշտի եւ անցած ձմռան ձյան սակավ տեղումների հետ:
«Նկատված միջատները, որոնք մտահոգել են բնակիչներին, մեր սովորական տեղական ծղրիդներն են, որոնք էական վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսության համար: Բնակիչների եւ համայնքի ղեկավարի ահազանգով մեր մասնագետները եղել են Ջիլում, ուսումնասիրել գյուղի ողջ տարածքը եւ եկել հետեւության, որ նրանց դեմ առայժմ հատուկ միջոցառումներ իրականացնելու հարկ չկա, քանի որ արդեն այս պահին նրանց ձվադրումն ավարտված է, իսկ անձրեւային եղանակի պայմաններում դրանք ոչնչանում են: Այլ խոսքով՝ ակտիվության շրջանն արդեն ավարտված կարելի է համարել, թեեւ խնդիրը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո:
Եթե նկատվի, որ ծղրիդները կարող են բազմանալ ու վտանգ սպառնալ տնտեսություններին, անմիջապես միջոցներ կձեռնարկենք»,-հավաստեց Սարգիս Ավագյանը:
Խոսրով Խլղաթյան