Ինչպես «Բարսելոնան» «խլեց» Մալկոմին «Ռոմայից». պատմում է Մոնչին
СПОРТԻտալական «Ռոմայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին պատմել է, թե ինչպես է կատալոնական «Բարսելոնան» «Ռոմայից» «խլել» Մալկոմի տրանսֆերը.
Հիշեցնենք, որ երեկ «Բորդոն» հայտարարել էր, որ ակումբը «գայլերի» հետ համաձայնության է եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Սակայն, այսօր պարզ դարձավ, որ «Բարսելոնան» ավելի շահավետ առաջարկ է ներկայացրել ու գնել հարձակվողի տրանսֆերը.
«Մենք ամբողջովին համաձայն էինք Մալկոմի տրանսֆերի հետ ու գտնում էինք, որ նա լիովին համապատասխան է մեզ:
Մենք համաձայնեցրել էինք տրանսֆերի բոլոր մանրամասները ու ստացել էինք համաձայնություն, որպեսզի նա մեկնի Հռոմ ու բուժզննում անցնի: Այդ պահին կարծում էինք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: Սակայն «Բորդոյի» նախագահը զանգահարեց ինձ ու ասաց, որ տեղափոխության շուրջ խոսակցությունները շատ են և ցանկալի կլինի, որ դրա մասին հայտարարվի պաշտոնապես:
Մենք սկզբում դեմ էինք, սակայն մի քանի ժամ անց թե՛ մենք, թե՛ ֆրանսիական ակումբը տեղափոխության մասին հայտնեցին պաշտոնապես:
Ամեն ինչ հարթված էր, սակայն մի քանի ժամ հետո խոսակցություններ սկսվեցին «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին: Մենք գիտեինք, որ մի քանի ակումբներ, այդ թվում «Բարսելոնան», հետաքրքրված են նրանով և ցանկանում էինք որքան հնարավոր է շուտ ձևակերպել Մալկոմի տեղափոխությունը: Անչափ զարմացա, երբ խաղացողի գործակալներից մեկը զանգահարեց ինձ ու ասաց, որ «Բորդոն» հրաժարվել է ֆուտբոլիստին ուղարկել բուժզննման: Ես կապվեցի ակումբի ղեկավարության հետ ու ինձ ասացին, որ «Բարսելոնայի» առաջարկն ավելի լավն է:
«Բորդոյի» նախագահն ինձ ասաց, որ եթե ցանկանում ենք պահել Մալկոմին, պետք է բարելավենք մեր առաջարկը: Ես ասացի, որ մենք արդեն համաձայնության ենք եկել, ինչին նրանք պատասխանեցին, որ ոչ մի ստորագրված փաստաթուղթ չկա, իսկ առանց դրա գործարքը չի կարող փակված համարվել: Խոսեցի «Ռոմայի» նախագահի հետ ու որոշեցինք, որ պետք է ավելի լավ առաջարկ ներկայացնել, քան «Բարսելոնան»:
Ես ասացի «Բորդոյի» ղեկավարներին, որ մենք պատրաստ ենք գերազանցել «Բարսելոնայի» առաջարկը: Նրանց ղեկավարը հայտնեց մեզ, որ պետք է ուղարկենք պաշտոնական փաստաթղթերը: Ժամը 23:00-ի դրությամբ մենք պաշտոնապես առաջարկ ներկայացրինք: Գործակալն ու նախագահն ասացին, որ երեքշաբթի կարող ենք փոխանակվել փաստաթղթերով ու ֆուտբոլիստը կարող է մեկնել բուժզննման: Այս առավոտյան էլ ես խոսեցի Մալկոմի գործակալի հետ, ով պետք է հանդիպեր «Բորդոյի» ղեկավարների հետ ու հաստատեր, որ գործարքը կայացած է:
Այս ամենից հետո ինձ անակնկալ կերպով ասացին, որ գործակալն ու «Բորդոն» ցանկանում են նոր առաջարկ ստանալ, քանի որ «Բարսելոնան» չի նահանջում ու նոր`շահավետ առաջարկ է ներկայացրել: Ես ասացի` «Դադարացրե՛ք, մենք չենք ցանկանում մասնակցել աճուրդի»: Մենք կքննարկենք այս ամենը ու ցանկանում ենք դիմել դատարան:
Ի՞նչ ասեմ երկրպագուներին: Ցավալի է, որ նման բան է տեղի ունեցել: Մենք ամբողջովին համաձայնության էինք եկել «Բորդոյի» հետ, այնուհետև ավելի լավ առաջարկ էինք ներկայացրել: «Ռոմայի» նախագահն պատրաստ էր շատ ավելի շահավետ առաջարկ անել, սակայն երբ բանակցությունները վերածվեցին աճուդի, մենք դուրս եկանք բանակցություններից: Երբ ինչ-որ մեկը ցանկանում է տեղափոխվել «Ռոմա», դա լավ է, սակայն երբ արդյունքում ֆուտբոլիստը հրաժարվում է հագնել մեր խաղաշապիկը, ապա մենք չենք ցանկանում նման խաղացողի տեսնել մեր թիմում»,-Մոնչիի խոսքերը մեջբերում է «գայլերի» պաշտոնական կայքը: