Առաջ դեպի հետընթաց. պատգամավորը կանխատեսումներ է անում
ИНТЕРВЬЮՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ 2016 թվականի բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ եկող տարի տնտեսությունը հետընթաց է ապրելու: Past.am-ի հետ զրույցում պատգամավորը պետական բյուջեն համեմատեց ընտանիքի բյուջեի հետ:
«Օրինակ՝ տվյալ ընտանիքի եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը, իսկ եկամուտները գնալով քչանում են, ծախսերը` ավելանում, պարզ է, որ մեր ընտրած ճանապարհը ոչ միայն տանում է հետընթացի, այլև կարող է լուրջ և վտանգավոր լինել ապագայում: Եթե սրան ավելացնենք այն, որ մեր արտաքին պարտքը տարեցտարի ավելանում է, ապա ստացվում է, որ պարտքը հասնում է ՀՆԱ-ի գրեթե 50 տոկոսին»,- մեկնաբանեց պատգամավորը` նշելով, որ դա այն վտանգավոր շեմն է, որ բերում է տնտեսության քայլքայմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ 2016 թվականին եկամուտները 8.5 մլրդ դրամով կրճատվել են: ՀՀ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.7%` 2015թ. համար հաստատված 24.5%-ի և 2014թ. փաստացի 22.6%-ի դիմաց, այսինքն` ունենք ծախսերի ավելացում, բայց եկամուտների նվազում: Նախագծի համար Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2016 թվականին կաճի 2.2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։
Հովհաննես Մարգարյանը նաև վատ կանխատեսումներ արեց` հաշվի առնելով տնտեսության ներկա իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկատերերի դրությունը, երբ տարեցտարի շատերը դադարեցնում են իրենց տնտեսական գործունեությունը: Ըստ նրա` եթե շարունակվեն պահպանվել ծնելիության ցածր ցուցանիշները, արտագաղթի ահագնացող թվերը, անփոփոխ մնա աղքատության մակարդակը, գործազրկության մասին տվյալները, ապա եկող տարվա բյուջեն կարելի է համարել, մեղմ ասած, որպես հետընթացային:
Լիլիթ Լալայան