Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում
СПОРТ«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ առաջին տեղը հատկացրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդ տեղը` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, իսկ երրորդ տեղը` «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ռոնալդուն, որը քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել, առաջին հորիզոնականում նշել է «Ռեալում» իր նախկին թիմակից Ռաֆայել Վարանին, երկրորդ տեղում` Մոդրիչին, իսկ երրորդ տեղում Անտուան Գրիզմանին «Աթլետիկոյից»:
Հիշեցնենք` 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լուկա Մոդրիչը, ով «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Խորվաթիայի հավաքականի հետ հասել է մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է ֆրանսիացիներին 2:4 հաշվով:
Ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել էր անցած մրցաշրջանի լավագույն խաղացողն ՈւԵՖԱ-ի վարկածով, և Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության լավագույն կիսապաշտպան: