Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի մրցաշարի երրորդ շրջան
СПОРТՌուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան:
Երկրորդ շրջանում հայկական արմատներով թենիսիստի մրցակիցը՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Մեթյու Էբդենը 2:6, 0:2 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից:
Թենիսիստները կորտում անցկացրել են 46 րոպե: Այդ ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 3 էյս, 2 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից: Էբդենը թույլ է տվել 6 կրկնակի սխալ և իրացրել է 1 բրեյք-փոյնթ՝ 2 հնարավորից:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ. ամերիկացի Ջոն Իսները պետք է հանդիպի Պյեր-Յուգ Էրբեր (Ֆրանսիա)-Միխաիլ Կուկուշկին (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
Հավելենք, որ 4 872 105 եվրո մրցանակային գումարով մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 4-ին: Փարիզի «Մասթերսի» գործող չեմպիոնն ամերիկացի Ջեկ Սոկն է, ով նախորդ մրցաշրջանի եզրափակչում 5:7, 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կրաինովիչի նկատմամբ: