«Լիվերպուլն» անակնկալ պարտվեց, կենտրոնական խաղերը ոչ-ոքի ավարտվեցին. Չեմպիոնների լիգա
СПОРТ«Լիվերպուլն» իր վրա գրավեց ուշադրությունը Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում: Երեկ՝ նոյեմբերի 7-ին, անսպասելի պարտություն կրեց մի խաղում, որում ֆավորիտ էր: Հյուրընկալվելիս 0:2 պարտվեց «Ցրվենա Զվեզդային»:
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Միլան Պավկովը: Նա աչքի ընկավ 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո եւ 29-րդ րոպեին գեղեցիկ հարվածով:
«Մերսիսայդցիների» բախտը, սակայն, մրցաշարային առումով բերեց: C խմբի մյուս խաղում, որը նաեւ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն էր, հաղթող չեղավ: «Նապոլի»-ՊՍԺ հանդիպումն ավարտվեց 1:1: Հաշիվն առաջին կեսին ավելացված ժամանակում՝ 47-րդ րոպեին, բացեց Խուան Բերնատը: 2-րդ խաղակեսում իտալական թիմը 11-մետրանոցի իրավունք ստացավ, որը 63-րդ րոպեին անվրեպ իրացրեց Լորենցո Ինսինյեն:
Այս խաղերից հետո «Լիվերպուլը» 6 միավորով մնաց խմբի առաջին տեղում: «Նապոլին» նույնպես 6 միավոր ունի ու 2-րդն է: ՊՍԺ-ն 3-րդ հորիզոնականում է (5), իսկ «Ցրվենա Զվեզդան» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Տուրի կենտրոնական մյուս խաղում ոչ-ոքի խաղացին «Բարսելոնան» ու «Ինտերը»՝ 1:1: Գոլերն այս խաղում խփվեցին հանդիպման վերջում: 83-րդ րոպեին «կապտանռնագույնների» կազմում հաշիվը բացեց Մալկոմը: 4 րոպե անց Մաուրո Իկարդին խփեց պատասխան գնդակը:
B խմբի մյուս խաղում «Թոթենհեմը» հաղթեց ՊՍՎ-ին: Լոնդոնցիները տանը մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:1:
Երեկ մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
«Մոնակո»-«Բրյուգե» 0:4
«Ատլետիկո»-«Դորտմունդ» 2:0
«Շալկե»-«Գալաթասարայ» 2:0
«Պորտու»-«Լոկոմոտիվ» 4:1
Այսօր կկայանան այս խաղերը.
ԲԿՄԱ Մոսկվա-«Ռոմա»
«Վալենսիա»-«Յանգ Բոյզ»
«Բենֆիկա»-«Այաքս»
«Բավարիա»-ԱԷԿ
«Մանչեստեր Սիթի»-«Շախտյոր Դոնեցկ»
«Լիոն»-«Հոֆենհայմ»
«Պլզեն»-«Ռեալ Մադրիդ»
«Յուվենտուս»-«Մանչեստեր Յունայթեդ»