Հայտնի են դարձել եվրոպական լավագույն ֆիլմ տիտղոսի 2018-ի հավակնորդները
СПОРТ2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards) արժանանալուն հինգ ֆիլմ է հավակնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
Ինչպես ասվում է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ, անվանակարգում առաջադրված ժապավեներն են «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր):
Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցանկում» ներառվել են 49 ֆիլմ 35 երկրից:
Լավագույն եվրոպական ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալի Աբասին, Մատեո Գարոնեն, Սամուել Մաոզը («Ֆոքստրոտ» ֆիլմի համար), Պավել Պավլիկովսկին և Ալիչե Ռորվահերը:
Հաղթողին ընտրելու է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Սևիլյայում: