Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզվել է արհեստական խոտածածկով դաշտում
СПОРТՋիբրալթար ժամանելուց անմիջապես հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը թեթեւ մարզում է անցկացրել «Վիկտորիա» ստադիոնում: Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, փոխանցում է ՀՖՖ կայքը:
«Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում եւ գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների եւ վայրէջքների ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա:
Ջիբրալթար - Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երեւույթ է տեղաբնակների համար:
Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերեւութաբանները խոստանում են անձրեւ:
Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում: