Թուրքիայում վերջին հրաժեշտն են տալիս Սուլեյման Դեմիրելին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երկրի 9-րդ (1993-2000թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելին, ով մահացել է հունիսի 17-ին: Դեմիրելին հրաժեշտ տալու արարողակարգին ներկա են Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Բացի այդ, Դեմիրելին հրաժեշտ տալու են եկել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ընդդիմադիր կուսակցապետեր Քեմալ Քըլըչդարօղլուն ու Դևլեթ Բահչելին, նախկին (1993-1996թթ.) վարչապետ Թանսու Չիլերը, նախարարներ և այլք:
Ընդգծվում է, որ Դեմիրելի աճյունը վաղն ինքնաթիռով կտեղափոխվի Սպարտա, որտեղից սերում է նա, և որտեղ հուղարկավորելու են նրան: Դեմիրելը մահացել է 90 տարեկանում (նոյեմբերին նա կդառնար 91 տարեկան): Սուլեյման Դեմիրելը բազմիցս գլխավորել է Թուրքիայի կառավարությունը՝ երկրի վարչապետի պաշտոնում մնալով ավելի քան 10 տարի: Զինվորականները երկու անգամ տապալել են նրա կառավարությունը:
Հիշեցնենք, որ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել էր եռօրյա ազգային սուգ: Մինչդեռ երբ մայիսի սկզբներին Թուրքիայում մահացավ երկրի 7-րդ նախագահ Քենան Էվրենը, չհայտարարվեց սուգ: Ավելին՝ Էրդողանն անգամ չհետաձգեց հաջորդ օրն իր այցը Գերմանիա: Դա պայմանավորված էր նրանով, որ Քենան Էվրենը Թուրքիայում նախագահ է դարձել 1980 թվականին Թուրքիայում իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում և Թուրքիայի միակ նախագահն է, որին չի ընտրել երկրի խորհրդարանը կամ ժողովուրդը:



