Լեւոն Ջուլֆալակյան. Այս տարին բոլոր հավաքականների համար հաջող էր
СПОРТ
8 մեդալ խոշոր մրցաշարերից. մրցաշրջանը հաջողված էր հունահռոմեականների համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Երեւանի «Միկա» մարզահամալիրում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է 72 ըմբիշ:
«Սա ոչ թե Հայաստանի առաջնություն էր, այլ Հայաստանի գավաթի խաղարկություն, քանի որ մենք 2018 թվականի առաջնություն անցկացրել էինք: Ելնելով մեր հաջորդ տարվա ծանրաբեռնվածությունից, որոշվեց անցկացնել Հայաստանի գավաթի խաղարկություն եւ ձեւավորել Հայաստանի հավաքականը: Մեզ պետք էր նախօրոք ձեւավորել հավաքականը, քանի որ 2019-ին ունենք ծանրաբեռնված գրաֆիկ՝ Եվրոպայի առաջնություն, Եվրոպական խաղեր եւ, ամենակարեւորը, օլիմպիական վարկանիշային միավորներ տվող աշխարհի առաջնություն:
Հայաստանի գավաթի խաղարկութունում գոհ եմ երիտարդների մասնակցությունից: Ներուժ եմ տեսնում երիտասարդների մոտ, եւ լավ աշխատանքի ու ճիշտ մոտեցման դեպքում դրական արդյունք կլինի:
Այս տարի կրկին քիչ էր մմասնակիցների քանակը՝ 72, քանի որ 18 տարեկանից հետո գնում են բանակ: Իրականում, այս տարիքում կորցնում ենք լավ մարզիկների, բայց պետք է կարողանանք պահպանել եղածը: Իսկ դրա համար պետք է ձեւավորենք լավ հավաքական ու մեծ աշխատանքով հզորացնենք մեր թիմի կազմը:
Գավաթի խաղարկությանը չի մասնակցում Մաքսիմ Մանուկյանը ծանրաբեռնված տարի ունենալու պատճառով, ինչպես նաեւ վնասվածքների, չի մասնակցում Արթուր Ալեքսանյանը, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում բուժման եւ Արսեն Ջուլֆալակյանը վատառողջ լինելու պատճառով: Ովքեր այսօր դուրս եկան եզրափակիչներ, Հայաստանի հավաքականի հիմնական կորիզն են»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Օլիմպիական չեմպիոնն ամփոփեց նաեւ մրցաշրջան 2018-ը:
«Այս տարին բոլոր հավաքականների համար հաջող էր, ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտադարդների եւ պատանիների համար: Բոլոր տարիքային խմբերում մեդալներով ենք վերադարձել մրցաշարերից:
Ինչ վերաբերում է մեծահասակներին, ընդհանուր հաշվարկով 8 մեդալ ենք նվաճել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Երկու ոսկե մեդալ եւ մեկ բրոնզ Եվրոպայի առաջնությունում, Եվրոպայի Մ-23 առաջնությունում՝ երեք բրոնզ եւ աշխարհի առաջնությունում նվաճած 2 բրոնզե մեդալներով ավարտում ենք տարին:
Ճիշտ է՝ բոլորս մինշտ ոսկուն ենք սպասել, բայց չպետք է երբեք երես թեքենք արծաթից կամ բրոնզից: Տարին համարում եմ գերազանց արդյունքներով»,-նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Նախաօլիմպիական տարին հունահռոմեականները սկսելու են ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով եւ միջազգային մրցաշարերով:
Լուսինե Շահբազյան