«Ամարաս» խմբի պարուհի Սեդա Մովսիսյանի հարսանիքն ու երեկոյի անակնկալները (լուսանկարներ)
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Երեկ` նոյեմբերի 11-ին, Երեւանի ժամանցի վայրերից մեկում կայացավ «Ամարաս» պարային համույթի պարուհի Սեդա Մովսիսյանի եւ նրա ընտրյալի` Մանվել Հայրապետյանի հարսանեկան արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ NEWS.am STYLE-ը:
Ինչպես ցանկացած հարսնացու, Սեդան եւս լարված էր եւ հուզված իր համար այդքան պատասխանատու օրվա առթիվ, սակայն անհնար էր չնկատել նրա աչքերի փայլն ու երջանկությունը: Մեզ հետ զրույցում հայտնի պարուհին կիսվեց իր սիրո պատմությամբ.
«Մանվելի հետ ծանոթ ենք արդեն 3-4 տարի, միմյանց սիրահարվել ենք ծանոթության պահից: Ամուսինս արվեստի բնագավառից չէ: Մեզ մեր ընդհանուր ընկերներն են ծանոթացրել: Չնայած նա արվեստի հետ կապ չունի, շատ լավ է վերաբերվում իմ մասնագիտությանը, միշտ աջակցում է ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան»,-ասաց Սեդան:

Սեդայի ուրախությունը հավասարապես կիսում էր «Ամարաս» խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը.
«Սեդային մաղթում եմ ամենալավն ու բարին: Թող Աստված պահապան լինի իր նորաստեղծ ընտանիքին, բազմանան եւ երջանիկ լինեն: Իսկ ինչ վերաբերում է Սեդայի եւ «Ամարասի» հետագա համագործակցությանը, այն կշարունակվի նույն կերպ, այդ հարցի շուրջ արդեն խոսել ենք նրա հետ: Նա շարունակելու է զբաղվել իր աշխատանքով»,-մեզ հետ զրույցում նշեց Վիկան:
Իրենց ընկերուհուց պակաս այս օրվան չեն սպասել նաեւ «Ամարաս» խմբի մյուս պարուհիները:
«Սեդան այն ընկերուհիներից է, ում հետ կարելի է կիսվել ցանկացած թեմայով: Նա իմ լավ ընկերուհին է` խելացի, գեղեցիկ, բարեհամբույր: Ամբողջ սրտով ուրախանալու եմ այսօր իր համար»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Հայրապետյանը:
Հարսանեկան ողջ դիզայնն ու, նույնիսկ, «Ամարասի» աղջիկների զգեստները մանուշակագույնի մեջ էին: Հարցին, թե որքանով է մանուշակագույնը նույնացվում Սեդայի հետ, խմբի անդամներից Տաթեւը պատասխանեց. «Մանուշակագույնի ընտրությունը Սեդայի եւ հարսանիքի կազմակերպիչների որոշումն է եղել: Եկանք այն եզրակացության, որ ավելի գեղեցիկ ու պայծառ գույն չի կարող լինել: Սեդան էլ հենց ասոցացվում է մանուշակի հետ»:
Հարսնացուն ողջ երեկոյի ընթացքում փայլեց իր շքեղ հարսանեկան զգեստով: Պարզվում է` զգեստի հեղինակը հենց Սեդան է.
«Ինձ շատ էին ասում, որ պետք չէ ռիսկի դիմել, ավելի լավ է` պատվիրեմ պատրաստի զգեստ, բայց ես որոշեցի իրականացնել իմ երազանքը եւ կրել հենց այս զգեստը: Մտքերս կարողացան կյանքի կոչել հմուտ դերձակները; Առհասարակ, իմ անմոռանալի օրվա դիզայնի, համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնյայից ու Ժոռից, ինչպես նաեւ` հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վիկա Մարտիրոսյանին, որը հարսանիքի կազմակերպչական հարցերում ինձ անմնացորդ օգնել եւ աջակցել է: Անչափ շնորհակալ եմ նաեւ «Ամարաս» խմբի մյուս աղջիկներին»,-մեզ հետ զրույցում նշեց հարսնացուն:

Պարուհուն եւ նրա ամուսնուն շնորհավորելու էր եկել նաեւ պարարվեստի վարպետ Աշոտ Մարտիրոսյանը տիկնոջ հետ: Երեկոյի ընթացքում հետաքրքիր եւ յուրօրինակ պարային բեմադրության միջոցով Սոնային անակնկալ մատուցեցին «Ամարաս» խմբի աղջիկները: Նորապսակներին իր ելույթով շնորհավորեց նաեւ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Երեկոն վարում էր շոու-մեն Մխիթար Ավետիսյանը:



