Իրավականի և բարոյականության սահմանը. իշխանության ողջունելի ազդակը
АНАЛИТИКАՆախօրեին Բանակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին նաև նախկին զինվորական վերնախավը ներկայացնող անձինք, որոնց շուրջ այժմ քաղաքական ֆոնը բավական լարված է: Խոսքը մասնավորապես Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին է: Նրանց ներկայությունը պաշտոնական միջոցառմանը հակասական տպավորություն է թողնում: Մի կողմից ներգրավված լինելով աղմկահարույց քրեական գործերի մեջ՝ նրանք այժմ գտնվում են ոչ ամենալավ վիճակում հասարակական տրամադրությունների առումով, մեկ այլ կողմից էլ ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների:
Դժվար է ասել՝ սա պաշտպանության նախարարության, թե երկրի բարձրագույն իշխանության նախաձեռնությունն է եղել, բայց ինքնին վերջիններիս ներկայության փաստը ողջունելի է: Սա առնվազն խոսում է այն մասին, որ գոնե ֆորմալ իմաստով իշխանության մոտ կա իրավական և բարոյական շերտերի տարանջատում, կա ինստիտուցիոնալ հիշողության գործոնի կարևորումը, որը խիստ կենսական է հատկապես Զինված ուժերի դեպքում:
Ընդհանրապես, այս տարանջատումը բավական կարևոր է, որովհետև հատկապես վերջին շրջանում տարբեր դեպքերով մենք տեսնում ենք, որ իրավական գործընթացն անպայմանորեն ուղեկցվում է բարոյական գնահատականներով ևս: Ու քանի որ խոսքը հերթական դեպքերի մասին չէ, աղմկահարույց գործերում ներգրավվածների մեծ մասը՝ սկսած Մանվել Գրիգորյանից, վերջացրած Քոչարյանով, այս կամ այն կերպ կապ ունեն Զինված ուժերի ու Արցախյան ազատամարտի հետ, ապա իրավական պրոցեսների ու բարոյական գնահատականների սահմանազատումն ունի խիստ կենսական, ընդհուպ ազգային անվտանգության նշանակություն:
Եվ խոսքն այստեղ այն մասին չէ, որ առանձին վերցրած անձին կարելի է կամ չի կարելի քննադատել, կամ առավել ևս ներգրավել որպես մեղադրյալ: Անշուշտ, կարևոր է, որպեսզի հեղափոխությունը կայացնի դատաիրավական արդար համակարգ, որից խուսափել չի կարողանա ոչ ոք, որի առջև հավասար կլինեն բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև Արցախի հերոս: Սակայն օրենքի առաջ հավասարեցնելը այլ բան է, օրենքի խախտումը որպես առիթ օգտագործելն ու Արցախյան ազատամարտում ավանդ ունեցած մարդկանց հեղինակությունը հողին հավասարեցնելը՝ այլ բան: Այդ պրոցեսի արդյունքում, ընդ որում, ամենաքիչը տուժում են հենց այդ մարդիկ, հիմնական տուժողը մնում է մեր արժեհամակարգը ու դրա արցախյան բաղադրիչը:
Այս իմաստով հետաքրքրական է նաև օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին հետևած արձագանքները, հատկապես Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի մասով, որը ևս ներկա էր այդ շնորհանդեսին: Նրա ներկայությունը իսկական հիստերիայի առիթ դարձավ ֆեյսբուքի հայաստանյան հատվածում, բանը հասավ ընդհուպ հայհոյախոսության:
Արցախի խնդիրը, Արցախյան ազատամարտը, զինված ուժերը առանձին–առանձին և բոլորը միասին վերցրած շատ փխրուն ու կենսական օրգանիզմներ են: Ոչ ոք չի պնդում, թե ազատամարտի մասնակիցը կամ բանակի բարձրաստիճան պաշտոնյան չպետք է հայտնվի դատական պրոցեսի առանցքում: Սակայն դատական պրոցեսին զուգահեռ քաղաքական, բարոյական և տեղեկատվական այն ալիքը, որի ականատեսն ենք մենք, պետք է բացառել: Իշխանությունը գոնե ֆորմալ ազդակ է հղում, որ ինքը գիտակցում է այդ սահմանը, ժամանակն է պարզապես այդ սահմանը հոծ գծով գծել նաև հասարակության, հատկապես դրա՝ հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ մնացածների, ինչպես նաև այդ էյֆորիան կարճաժամկետ քաղաքական առևտրի վերածող կամ քինախնդրության առարկա սարքող առանձին սուբյեկտների համար:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ