ԱԱԾ-ում, Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին. Արթուր Վանեցյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
ОБЩЕСТВОԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ տպավորված է, և ողջունելի, որ ՀՀ-ում կա նման հաստատություն:
Հարցին, թե հնարավոր է ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հետ բերված գումարներն ուղղվեն այս կենտրոն, Արթուր Վանեցյանն ասաց. «Այդ գումարներն ուղղվելու են մեր պետական բյուջե, և համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ես առնչություն չունեմ, ի պաշտոնե որոշում կկայացնեն և կտրամադրեն այս կամ այն ծախսերի համար, եթե կարիքը լինի, կարծում եմ այս հաստատության վերազինման կամ արդիականության համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տղաներին աշխատանքի ընդունելու հարցին, Արթուր Վանեցյանն ասաց. «Մեծ սիրով ԱԱԾ-ում, Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին, ինձ ասացին՝ մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք, և կնախապատրաստեն, և կգան աշխատանքի: Ես կարծում եմ, որ այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի, և այն զինվորները և սպաները, որոնք վիրավորում են ստացել ծառայությունը կատարելու արդյունքում, ամեն դեպքում իրենք իրենց ոգով սպաներ և զինվորականներ են, և կարծում եմ, որ աշխատանքը Պաշտպանության նախարարությունում առողջական խնդիրներից ելնելով չեն կարող շարունակել, բայց ԱԱԾ-ում շարունակելը, կարծում եմ, ոգևորող և հետաքրքիր կլինի»:
Նա խոստացավ և պարտավորվեց այդ գործընթացը պահել հսկողության տակ:



