Անցում ենք կատարում ներառական տնտեսական աճի մոդելին. մեծաթիվ քաղաքացիներ պետք է մասնակից լինեն տնտեսությունում գեներացվող հավելյալ արժեքի ստեղծմանը․ Տ. Ավինյան
ЭКОНОМИКАՀՀ կառավարության ծրագիրը հեղափոխական է, իր մեջ ներառականություն է պարունակում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ կառավարության ծրագիրն ամբողջությամբ փոխում է տնտեսական մոդելը: «Անցում ենք կատարում ներառական տնտեսական աճի մոդելին, որը ենթադրում է, որ ՀՀ մեծաթիվ քաղաքացիներ պետք է մասնակից լինեն ՀՀ տնտեսությունում գեներացվող հավելյալ արժեքի ստեղծմանը: Սա է հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել նախկին կառավարության ծրագրի համեմատ, ու սա հեղափոխական փոփոխություն է: Կարծում եմ՝ այդ փոփոխությունը չտեսնել ուղղակի հնարավոր չէ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե գործնականում քաղաքացիների մասնակցությունն ինչպե՞ս են պատկերացնում տնտեսական հեղափոխությանը, քանի որ իշխանության խոսքից ենթադրվում է, որ քաղաքացիների վրա է մնում տնտեսական հեղափոխություն անելը, Ավինյանը պատասխանեց, թե այս գործում յուրաքանչյուր սուբյեկտ ունի պատասխանատվության իր չափաբաժինը.
«Կառավարության պատասխանատվությունն է, որ ստեղծի այնպիսի մեխանիզմներ, ինստիտուտներ, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու տնտեսական աճին, ու այդ հնարավորությունների ինստիտուտների ստեղծումը կառավարության պարտավորությունն է: Երբ զուգահեռներ են տարվում քաղաքական հեղափոխության հետ, այն ժամանակ մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք, որ հնարավոր է դա իրականացնել, բայց իրականացնողը մենք չենք, քաղաքական ուժը չի լինելու իրականացնողը»,- շարունակեց Տիգրան Ավինյանը։
Դիտարկմանը, որ օգտվեցին, փողոց փակեցին, մերժեցին նախկին իշխանություններին, այս դեպքում ի՞նչ են անելու, փոխվարչապետն արձագանքեց, թե զբաղվելու են միկրոբիզնեսով, օգտվելու են տարբեր գրասենյակներից, որոնցով իրենց հմտությունները կզարգացնեն, փորձելու են աշխատանք գտնել այն ոլորտներում, որում իրենք ունեն կրթություն.
«Այսինքն՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ համակարգեր ստեղծի, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ֆորմալ զբաղվածության աճ լինի առաջին հերթին, երկրորդը՝ աշխատանքի արդյուննավետությունն ու արտադրողականությունը բարձրանան, երրորդ հերթին՝ ներդրումներ ներգրավվեն, որ աշխատատեղեր ստեղծվեն, ու այս ամենն իրականացվի բնապահպանական ստանդարտներին համապատասխան»,- ընդգծեց փոխվարչապետը։
Ավինյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը, թվեր չներկայացնելով, մանևրում է։ Նա վստահեցրեց, որ իրենք որևէ պատասխանատվությունից չեն խուսափելու, ավելին՝ շեշտեց, թե կառավարության ծրագրում գրված թեզերը ֆինանսական մոդելների վրա են հիմնված:
«Այդ ֆինանսական մոդելները կարտացոլվեն միջնաժամկետ ծրագրերում այլ ֆորմատով: Կառավարության ծրագրում սահմանում չկա, որ պարտադիր բոլոր թվերը պիտի ներառված լինեն: Կառավարության պատասխանատվությունը շատ հստակ է լինելու, ու միջնաժամկետ ծրագրերի քննարկման ժամանակ թվային պատասխանատվությունները, թիրախները, որոնք դրված են, կտեսնեք ու կպահանջեք մեզանից»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։