Կառավարության որոշումը՝ ԱԳԼՃԿ–ներում ֆինանսական ճգնաժամի սպառնալիք
ЭКОНОМИКАԱրդեն մի քանի ամիս է՝ կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԳԼՃԿ–ներում հասարակական զուգարաններ կառուցելու հարցը: Իշխանությունները հույս ունեն, որ միջպետական մայրուղիների հարևանությամբ գործող ԱԳԼՃԿ–ները նման «կառույցներով» կահավորելու պարտադրանքով հնարավոր կլինի լրջորեն խթանել զբոսաշրջության զարգացումը:
«Փաստի» հավաստի տեղեկություններով, դեռևս անցյալ տարեվերջին ընդունված որոշումների կատարման ընթացքը դրվել է մարզպետարանների վրա: Վերջիններս գրություններ են ուղարկում ԱԳԼՃԿ–ների տերերին՝ հորդորելով ապահովել զուգարանների համար նախատեսվող պահանջները՝ հաշվի չառնելով ո՛չ դրանց գտնվելու վայրը, ո՛չ հնարավորությունները, ոչ էլ այն հսկայական ծախսերը, որ պետք է արվեն դրանց կառուցապատման վրա: Ստացվում է, որ պետությունը որոշել է տնտեսվարողների հաշվին «ծիտիկներ» դնել զբոսաշրջության զարգացման ծրագրերում: Այսպիսի պարտադրանքը, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են առաջացրել տնտեսվարողների շրջանում, հատկապես այն վայրերում, որտեղ ԱԳԼՃԿ–ների ֆինանսական շրջանառությունն անհամեմատելի է առավել ակտիվ վայրերի համանման կառույցների հետ: Նրանք պնդում են, որ պետությունը կարող է սահմանել որոշակի չափանիշներ, սակայն պարտադրելու իրավունք չունի, քանզի շուկայական հարաբերություններում տնտեսվարողներն իրենք պետք է մտահոգվեն այցելուներ գրավելու մասին, այլ ոչ թե առաջնորդվեն պետության պարտադրանքով, առավել ևս, որ վերջինս ենթադրում է իրենց գրպանին ոչ հասանելի մեծ ծախսեր: