Վիկտոր Հյուգո. «Փարիզի Աստվածամոր տաճարը»

Փարիզի սրտում, Սիտե կղզում վեր է խոյանում Վիկտոր Հյուգոյի գովերգած Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Notre Dame de Paris: Տաճարը դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների, բանաստեղծների եւ նկարիչների: Եվ ամենեւին կարեւոր չէ՝ հավատացյալ ես թե աթեիստ, ոչ ոք չի կարող անտարբեր մնալ միջնադարյան տաճարի վեհապանծության առջեւ:

Հին ժամանակներում Փարիզի Աստվածամոր տաճարի տեղում էր գտնվում գալլո՝ Յուպիտեր աստծուն նվիրված հռոմեական տաճար: Տաճարի շինարարությունը սկսվել է 1163 թվականին՝ եպիսկոպոս Մորիս դե Սյուլիի որոշմամբ եւ ավարտվել միայն 1345-ին: Ավելի քան 180 տարի պահանջվեց յուրահատուկ եւ զարմանահրաշ տաճարը կառուցելու համար: Այստեղ կայացել է Ֆրանցիսկոս II-ի եւ Մարիա Ստյուարտի, Հենրի Նավարսկու եւ Մարգարիտա դե Վալուայի պսակադրությունը, այստեղ է թագադրվել Նապոլեոնը, տաճարում նիստեր է անցկացրել նաեւ Ֆրանսիայի առաջին խորհրդարանը:

Տաճարում ապաստան են գտել են նաեւ աղքատները եւ ընչազուրկները:

Լյուդովիկոս XIV թագավորի կառավարման շրջանում տաճարը կորցրեց իր նշանակությունը, տաճարի պատերի մեջ գտնվող դամբարանները թալանվեցին, շենքի ճակատի հրեական թագավորների արձանները գլխատվեցին, հրաշալի վիտրաժները ոչնչացվեցին:

Հետագայում ավելի վատթար էր. Ռոբեսպիերը ծրագրում էր ամբողջությամբ քանդել տաճարը եւ Փարիզի բնակիչները ստիպված էին «կապալավարձ» վճարել տաճարը փրկելու համար:

Տաճարն, այնուամենայնիվ, պահպանվեց եւ որպես պահեստ էր ծառայում: Նապոլեոնի իշխանության գալուց հետո տաճարը վերակենդանացավ. նրա քայքայված պատերը երեսապատեցին եւ շքեղ զարդարեցին կայսեր թագադրման փառահեղ արարողության համար: Իսկ 1844-ին Էժեն Վիոլլե-լե-Դյուկի գլխավորությամբ սկսվեցին վերականգնողական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1864 թվականին:

Տաճարը հեշտ է ճանաչել երկու աշտարակներով, շենքի ճիշտ կենտրոնում ցանցկեն վարդակով, երեք կամարավոր պորտալներով: Լեգենդի համաձայն՝ դարբին Բիսկորնեն, ում հանձնարարվել էր կռել տաճարի դռները, ոչ մի կերպ չի կարողացել հանձնարարությունը կատարել, եւ ի վերջո՝ հոգին սատանային է վաճառել:

Տաճար կարելի հասնել մետրոյով, ավտոբուսով կամ ոտքով՝ ճանապարհին զմայլվելով քաղաքի հիասքանչ ճարտարապետությամբ եւ Սենի գետափնյա բնապատկերներով:

Տաճարը բացվում է ժամը 8-ին առավոտյան պատարագով: Այդ ժամին այցելուները սակավաթիվ են, քան ցերեկը, եւ կարելի է հանգիստ զննել այն: Բացասականն այն է, որ աշտարակները բացվում են միայն ժամը 10-ին: Այդ ժամին արդեն դեպի տաճար է ձգվում զբոսաշրջիկների բազմությունը: Այս տողերի հեղինակը ստիպված էր երեք անգամ տաճար այցելել՝ աշտարակներ բարձրանալու համար:

Տաճարի զարդանախշ ճակատի եւ կողային կցակառույցների որոշ անհամաչափություն են ստեղծում պատերի՝ ժամանակից կանաչած ահասարսուռ թեւավոր չարքերը։ Ենթադրվում է, որ չարքերի գործառույթը գործնական է՝ քողարկել ջրորդանները, որոնք ավելորդ խոնավությունը հեռացնում են տաճարի պատերից։ Տաճարը հակառակ կողմից միանգամայն այլ տեսք ունի, քան ճակատամասից։ Իսկ ընդհանուր առմամբ կողքից տաճարը հիշեցնում է Սենով նավարկող նավ։ Ի դեպ, տաճարի հանրահայտ ապակենախշերը դրսից ասես ցեխոտ ապակիներ լինեն, հետն էլ՝ ծածկված մետաղացանցով։

Տաճար մուտքն անվճար է, իսկ ահա աշտարակներ այցելելը՝ վճարովի, եւ արժե 10 եվրո։ Բացառություն է արվում երեխաների, ուսանողների եւ լրագրողների համար։ Վճարովի է նաեւ տաճարի գանձարան այցելությունը։

Անվտանգության նպատակներով պահպանության ծառայության աշխատակիցը մուտքի մոտ կարող է ստուգել ձեր պայուսակը՝ համենայն դեպս։ Մի քանի լեզուներով ցուցանակները այցելուներին հորդորում են լռություն պահպանել, որպեսզի չխանգարեն աղոթողներին, իսկ երբ չափից ավելի աղմկոտ է դառնում, տղամարդու հատու ձայնը սաստում է՝ «Լռությո՛ւն»։ Ցանկացողները կարող են մոմ վառել. մոմերը դրված են սեղաններին, նշված է գինը, կողքին արկղիկներ են, որտեղ պետք է գցել մետաղադրամները։ Ամեն բան հիմնված է վստահության վրա։

Բառերով դժվար է նկարագրել տաճարի մռայլ գեղեցկությունը։ Դեպի վեր սլացող գորշ պատեր, ապակենախշերի ուրույն վարդեր, մասամբ պահպանված, մասամբ վերականգնված սյուներ, պատշգամբներ։ Անսահման հիացմունք միջնադարյան մարդկանց ստեղծած գեղեցկությամբ։

Տաճարի երգեհոնը բազմիցս կատարելագործվել է, իսկ ավելի ուշ ընդհանրապես փոխվել։ Հիմա երգեհոնը կառավարվում է համակարգչով։ Տաճարի խորհրդավորությունը խախտող մինուսների մեջ զբոսաշրջիկների անկյունն է, որտեղ կարելի է հուշանվեր կամ զարդ գնել։

Աշտարակներ բարձրանալն առանձին թեմա է։ Աշտարակներում հայտնվելու համար անհրաժեշտ է գրանցվել այն սարքով, որը դրված է աշտարակի մուտքի մոտ (շենքի ձախ կողմում), տոմս վերցնել՝ այցելության ժամանակի նշմամբ։ Եթե ժամանակից շուտ չեք եկել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, պետք է սպասեք։ Վերեւ թողնում են խմբերով, քանի որ աստիճանը նեղ է, իսկ մի տեղում էլ բարձրանալն ու իջնելը նույն աստիճանով է կատարվում, որտեղ երկուսով չես տեղավորվի։

Նեղ, իսկ հետո՝ ավելի նեղ պտուտակաձեւ սանդուղքը տանում է դեպի վեր։ Վերելքի վերջում անընդհատ շրջադարձից գլուխդ սկսում է թեթեւակի պտտտվել։ Մեջտեղում աստիճանները մաշվել են ոտքերի անընդհատ հոսքից։

Աշտարակների պատշգամբներին քիմերներ են, յուրաքանչյուրն զբաղված է իր գործով։ Մեկը զարմացած նայում է Փարիզի կողմը, մյուսն ինչ-որ բան է ուտում, երրորդը տարված է իր մտքերով... Գոթական տաճարներն առհասարակ ընդունված էր զարդարել կրոնական երեւակայության այդ ահավոր ու տարօրինակ արարածներով, բայց համաշխարհային փառքի արժանացել են հենց Notre Dame de Paris-ի քիմերները։ Ի տարբերություն թեւավոր սատանաների, քիմերները տհաճ զգացողություններ չեն առաջացնում, ավելի շուտ՝ հիացմունք քանդակագործների աշխատանքով, ովքեր կենդանություն են տվել քարին։ Նման զարդանախշերի նպատակը պաշտպանությունն է չար ուժերից՝ ասես «տանիքի» դեր կատարելով։ Ի դեպ, տանիքի մասին։ Տաճարի տանիքը պատրաստված է կապարաշերտերից եւ կշռում է ավելի քան 200 տոննա։

Տաճարի զանգերն իրենց անուններն ունեն՝ Անժելիկ Ֆրանսուազ, Անտուանետ Շառլոտ, Հիացինթ Ժաննա, Դենիս David։ Եթե բաց թողնես անընդհատ լուսանկարվող զբոսաշրջիկների հեղեղն ու մի վայրկյան մենակ մնաս տաճարի հետ, կարելի է պատկերացնել սանդուղքով գաղտագողի բարձրացող Քվազիմոդոյին։

Պատշգամբներից բացվում է Փարիզի հիանալի տեսարանը։ Տաճարի սրաձողը, Սենի ափերը, հեռվում՝ փետրվարյան փոքր-ինչ աղջամուղջոտ երկնքում, Էյֆելյան աշտարակի ուրվագիծը, Մոնպառնաս աշտարակը։

 

News.am

Հեղինակ՝ Մարիամ Լեւինա