«Բանանցի» նորեկ. «Մինչև վերջ պայքարելու ենք երկու տիտղոսի համար»
СПОРТ«Բանանց» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմի նորեկ Ալեքսանդար Գլիշիչի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Ալեքսանդա՛ր, արդեն մեկ ամիս է, ինչ «Բանանցում» ես, նախ ցանկանում եմ քեզ հարցնել Հայաստանի մասին, հավանացի՞ր երկիրը, քաղաքը, մշակույթը և մարդկանց:
- Այո, այստեղ ամեն ինչ շատ լավ է և հիասքանչ, Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ բարեհամբույր են իմ նկատմամբ:
- Արդյո՞ք նմանություններ կան Հայաստանի ու Բոսիա և Հերցեգովինայի միջև:
- Որոշ չափով՝այո, այստեղ մարդկանց կենսակերպը շատ մոտ է իմ երկրին, ինչպես նաև շատ նման են մտածում այս երկու ժողովուրդները:
- Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանում, երբևէ լսե՞լ էիր մերերկրի մասին:
- Առաջին անգամ Հայաստանի մասին լսեցի նախորդ տարի, երբ «Բանանցը» խաղաց «Սարաևոյի» դեմ. դիտել եմ այդ խաղը, ինչպես նաև մի քանի ընկեր ունեմ, ովքեր խաղում են Հայաստանում:
- Ո՞րն էր «Բանանցի» առաջարկն ընդունելու հիմնական պատճառը:
- «Բանանցը» հայկական լավագույն թիմերից մեկն է, ունի շատ զարգացած ենթակառուցվածքներ և մարզաբազա, ինչպես նաև ունի շատ ուժեղ կազմ: Այս տեղափոխությունը իմ կարիերայում մեկ մեծ քայլ էր առաջ:
- Հարազատներդ և ընկերերդ Բոսնիայում դիտու՞մ են քո խաղերը «Բանանցում»:
- Այո, այո, բոլորն էլ դիտել էին մեր առաջին խաղը և կշարունակեն դիտել հետագա բոլոր խաղերը. միշտ նրանց պատմում եմ «Բանանցի» և Հայաստանի առաջնության մասին:
- Այս ամիս Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականները Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում մրցելու են միմյանց դեմ, ի՞նչ կանխատեսումներ ունես:
- Կարծում եմ Բոսնիան մի փոքր ավելի լավ խաղացողներ ունի, բայց, ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականն էլունի Հենրիխ Մխիթարյան, ով եվրոպական ֆուտբոլի գերաստղերից է: Որպես բոսնիացի, կարծում եմ՝կհաղթի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը:
- Ի՞նչ կասես Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասին:
- Առայժմ շատ բան ասել չեմ կարող, դեռ ընդամենը մեկ խաղի եմ մասնակցել: Բայց նույնիսկ այդ մեկ խաղից պարզ էր, որ շատ մրցակցային առաջնություն է, ինչպես տեսանք՝առաջնության հետնապահը կարողացավ շատ լավ խաղալ մեր դեմ:
- Նորամուտիդ խաղում դարձար գոլի հեղինակ, ի՞նչ զգացումներ ունես:
- Հիանալի զգացում է նորամուտի խաղում գոլ խփելը, բայց, միևնույնն է, ամենակարևորը հաղթելն է, ինչը մեզ մոտ այս անգամ չստացվեց, բայց մենք կանենք ամեն բան, որպեսզի յուրաքանչյուր խաղում հաղթենք:
- Գոլից հետո միանգամից շտապեցիր պահեստայինների նստարանի մոտ, ո՞րն էր նման կերպ գոլը տոնելուդ պատճառը:
- Խաղից առաջ դարպասապահների մարզիչ պարոն Ասլանյանը ինձ ասել էր, որ անպայման գոլ եմ խփելու, երբ խփեցի, վազեցի նրա մոտ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ինձ հոգեբանորեն աջակցելու համար:
- Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը այս մրցաշրջանում:
- Մենք պարտավոր ենք առնվազն մեկ տիտղոս նվաճել, բայց թե՛ ես, թե՛ ամբողջ թիմը մինչև վերջ պայքարելու ենք և՛ առաջնությունում, և՛ Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթելու համար:
- Ի՞նչ ես կարծում, ո՞րն է քո ամենամեծ նվաճումը որպես ֆուտբոլիստ:
- Առաջինը կնշեմ «Ռադնիկի» կազմում Բոսնիայի գավաթը նվաճելը և Եվրոպա լիգայում խաղալը, կարող եմ նաև ասել, որ երկրորդ նվաճումն էլ «Բանանց» տեղափոխությունն է:
- Ո՞ր թիմում էիր երազում խաղալ մանուկ ժամանակ.
- Շատ եմ սիրել «Արսենալը», հատկապես Թիերի Անրիի և Ռոբեր Պիրեսի սերունդը, հիմա էլ շարունակում եմ սիրել այդ թիմը:
- Ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը:
- Մի օր խաղալ ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում, ինչպես նաև թոփ 5 առաջնություններից որևէ մեկում:
- Ի՞նչ կասես «Բանանցի» երկրպագուներին:
- Նրանց կխնդրեմ անպայման գալ և աջակցել մեզ յուրաքանչյուր խաղի, իսկ մենք էլ մեր հերթին կանենք ամեն բան հաղթելու և նրանց ուրախացնելու համար: