Ֆրանսիան ուժեղացնում է հսկողությունը թանգարաններում եւ մշակութային վայրերում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիան ուժեղացնում է հսկողությունը թանգարաններում եւ մշակութային վայրերում եւ մեծացնում այնտեղ զինվորականների ու ոստիկանների ներկայությունը: Փարիզում եռօրյա սուգի ընթացքում փակված բոլոր թանգարանները, պատկերասրահներն ու համերգասրահները հսկում են մի քանի տասնյակ ոստիկաններ եւ զինվորականներ: Չի բացառվում, որ ուժեղացված հսկողությունը շարունակվի նաեւ սուգի ավարտից հետո: Փակ են Լուվրը, Դ’Օրսեյն ու այլ հայտնի թանգարաններ: Փակ են նաեւ Էյֆելյան աշտարակն ու Մուլեն Ռուժը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուվրի թանգարանը հսկող ոստիկաններն ասացին, որ դա արվում է բնակչության անվտանգությունից ելնելով: Ֆրանսիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ահաբեկիչները չեն սահմանափակվի կատարվածով եւ ահաբեկչություն կկատարեն արդեն մշակութային կոթողներից մեկում:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննա խադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան:



