Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը»
ОБЩЕСТВОԱպրիլի 29-ին հայտնի դարձավ, որ 13։00-ից 14։00-ի հատվածում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։ Լուրը միանշանակ մտահոգիչ էր և հանրության շրջանում առաջացրեց անհանգստություններ, սակայն տարօրինակ էր, որ առանձնապես տեղեկատվական լուրջ տարածում չունեցավ, իսկ թեմայի բարձրաձայնման հիմնական ակտորները անկախ փորձագետներ ու պարզապես ՖԲ ակտիվ օգտատերեր էին: Իսկ ահա իշխանական պատգամավորները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են նաև խորհրդարանական դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ֆեյսբուքյան տիրույթում փաստացի ոչ միայն օտար լեզուներով, այլ անգամ հայերեն չանդրադարձան երևույթին: Հավելենք, որ արտաքին թեմաներով զբաղվող պատգամավորների ՖԲ էջերին եվրոպական կառույցները ուշադրությամբ հետևում են, ուստի շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերն օգտագործել համաշխարհային հանրության և ուժային կենտրոնների ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա հրավիրելու համար: