«Չեմպիոնների գավաթ». Միհրան Հարությունյանը եւ Դավիթ Սաֆարյանը կշռվել են
СПОРТ
Կրասնոդարում մայիսի 17-ին անցկացվելիք ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում տեղի է ունեցել կշռման արարողությունը:
Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը: Մասնակիցների թվում են նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ այլ հայտնի ըմբիշներ:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։
Դեկտեմբերի 14-ին Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր): Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացած «Битва на Волге» մրցաշարում նա առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին՝ Ռոստովում տեղի ունեցած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին: