Տավուշում երկու տարվա ընթացքում չի լինելու չօգտագործվող հողատարածք. Մարզպետ
ЭКОНОМИКА
Տավուշի մարզում այս տարի շուրջ 1000 հա լրացուցիչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք է օգտագործում՝ նախորդ տարվա համեմատ: Մարզպետ Հայկ Չոբանյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում վստահեցրեց, որ երկու տարվա ընթացքում չօգտագործվող հողատարածք չի լինելու:
«Հսկայական հողեր ունենք, որոնք չենք օգտագործում: Հայտարարում եմ, որ երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինելու չօգտագործվող հող՝ անկախ նրանից, թե այդ հողն այսօր ինչ կարգավիճակ ունի: Դա իրականացնելու ենք անհատական մեխանիզմներով»,-ասաց Չոբանյանը:
Նա նշեց, որ այսօր արդեն բավականին առաջընթաց կա այդ առումով: Մարզում 2018-ի համեմատ շուրջ 1000 հա լրացուցիչ հողատարածք է օգտագործվում արդեն: Մարզպետը համոզվածություն հայտնեց, որ մինչև տարեվերջ ևս 1000 հա կներգրավեն: 2018-ին ոռոգելի հողատարածքների թիվը եղել է ընդամենը 4500 հա: Ուսումնասիրվել են ոռոգման համակարգի բարելավման հնարավորությունները, որի արդյունքում հաշվարկվել է շուրջ 21.8 մլրդ դրամի ներդրմամբ լրացուցիչ 8035 հա նոր հողատարածքների ոռոգման հնարավորություն: Մարզպետը ոռոգումը համարեց հիմնական ուղղություններից:
Նա մեծապես կարևորեց գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը:
«Սխալ է այն կարծիքը, թե գյուղացին չի աշխատում, կամ ալարկոտ է: Պարզապես գյուղատնտեսությունն այսօր շատ ցածր արդյունավետություն ունի, ավելի ցածր, քան աղքատության նպաստը»,-ասաց Չոբանյանն ու շեշտեց՝ պետք է գյուղատնտեսությունը դարձնեն արդյունավետ, ավելի գրավիչ: