Հայաստանը բարդ խմբում է Եվրո-2019-ում. Խինես Մելենդես
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կարծիքով՝ Հայաստանի Մ19 տարեկանների ընտրանուն դժվար պայքար է սպասվում Եվրո-2019-ի A ենթախմբում:
«Հայաստանի ընտրանու համար շատ դժվար է լինելու: Ահավոր բարդ խմբում ենք հայտնվել: Չէի էլ կարող պատկերացնել, որ մի խմբում կհայտնվեն միանգամից աշխարհի նախկին 3 չեմպիոններ»,- ասաց Մելենդեսը:
Իսպանացի մասնագետի խոսքով` Հայաստանի ընտրանին ամեն ինչ անելու է խմբում ֆավորիտների գործերը բարդացնելու համար: «Անելու ենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, և մրցաշարի ավարտին հայ ֆուտբոլիստները որակապես շատ ավելի զարգացած կլինեն»,-եզրափակեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. A. Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: B. Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա: Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին: