Փոխվարչապետը կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ
ЭКОНОМИКАՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 8-ին կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ին հայտնեց գործարանի նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։ Նա ասաց, որ իրենք երեկ հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Մարզպետն իրենց հայտնել է այն մասին, որ կգա փոխվարչապետը, եւ կլինի աշխատողների հետ քննարկում. «Ենթադրում ենք, որ կլինի որեւէ պարզաբանում, եւ հստակ լուծումներ կառաջարկեն մեզ»։
NEWS.am-ը փորձեզ զրուցել նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ, սակայն աշխատակիցը հայտնեց, որ տնօրենը շուտով հանդես է գալու հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարումը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը: 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը։ Հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։