Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը 1/8 եզրափակիչում են
СПОРТ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 1 ժամ 48 րոպեում պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ 6:2, 6:3, 6:2։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի պորտուգալացի Ժոաու Սոուզայի եւ բրիտանացի Դանիել Էվանսի դիմակայության հաղթողը։
Նադալը 51-րդ հաղթանակը տարավ այս մրցաշարում եւ 9-րդ անգամ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 2008-ին եւ 2010-ին։
Կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երկու սեթում առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Յուլյա Գյորգեսի նկատմամբ՝ 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ 13 րոպե։
37-ամյա Սերենա Ուիլյամսի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի իսպանացի Կարլա Սուարես-Նավարոն, որը պարտության մատնեց ամերիկացի Լորեն Դեւիսին։