Սարգիս Տաշչյանը կներկայանա ոչ միայն որպես դերասան, այլեւ՝ տնօրեն
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
«Դժվար ապրուստ» սերիալից հայտնի Ժորիկը՝ նույն ինքը դերասան Սարգիս Տաշչյանը, շատ շուտով ոչ միայն կնկարահանվի նոր հեռուստասերիալում, այլեւ ամենայն հավանականությամբ կներկայանա որպես այդ հեռուստասերիալի տնօրեն:Life.panorama.am-ին դերասանը պատմել է առաջիկա աշխատանքների մասին:
«Շատ շուտով կնկարահանվի նոր հեռուստասերիալ, որի վրա աշխատում ենք «Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական եւ դերասանական անձնակազմով: Այստեղ բացի դերասանական մասնակցությունիցս կփորձեմ ներկայանալ նաեւ որպես սերիալի տնօրեն, հուսամ տարիներիս փորձը ինձ թույլ կտա ամեն բան անել ճիշտ եւ արդյունավետ, հատկապես, որ կազմակերպչական իմաստով եւս փորձ կա, քանի որ «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմում ես ներկայանում էի նաեւ ադմինիստրատորի կարգավիճակում»,- պատմեց Սարգիս Տաշչյանը:
Նոր հեռուստասերիալը, որը կհեռարձակվի «Կենտրոն TV»-ով, (Life.panorama.am-ը արդեն պատմել է այդ մասին), ըստ Սարգիսի, նոր շունչ կտա այս հեռուստաալիքին. «Ինչպես արդեն շատերը գիտեն, «Կենտրոն TV»-ին ունի նոր տնօրինություն ի դեմս «Բախտաբեր» սերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանի, ու այս պահին ամեն բան արվում է այս հեռուստաընկերությանը նոր շունչ հաղորդելու համար: Նոր հեռուստասերիալը միտված է հենց այս հեռուստաընկերության վարկանիշի բարձրացմանը, եւ քանի որ «Բախտաբեր»-ի ստեղծագործական անձնակազմը եւ դերասանական անձնակազմի գրեթե 80 տոկոսը ներգրավված են նոր սերիալում, ուստի հուսամ, մենք կկարողանանք կրկին հաջողոթյուն գրանցենք, ինչպես եղավ «Բախտաբեր» ժամանակ»,- նկատեց նա:
Հետաքրքրվելով Սարգիս Տաշչյանի նոր դերից՝ դերասանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դեռ ամեն ինչ խմորման փուլում է, ուստի դերաբաշխումներ չեն կատարվել, դեռ ամբողջովին դերասանական կազմն էլ հաստատված չէ, այնպես որ ես էլ չգիտեմ, թե կոնկրետ ինչ դերով կներկայանամ: Միայն կարող եմ ասել, որ ինչ դերում էլ զբաղված լինեմ, կփորձեմ անկեղծ եւ բնական խաղ ներկայացնել»:
Մեր այն նկատառմանը, թե «Բախտաբեր գեղարվեստական ֆիլմը ե՞րբ եւ ո՞ր հեռուստաալիքով կցուցադրվի, որպես «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի ադմինիստրատոր եւ դերասան, Սարգիսը նկատեց. «Իհարկե, «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ, բայց թե կոնկրետ երբ, չեմ կարող պատասխանել: Կարծում եմ, այն կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ. ամեն հարց էլ իր պատասխանը կունենա ժամանակի ընթացքում»:



