«Ֆուլ Yere1»․ Մենչը՝ իր նոր նախագծի ու դերասանական կազմի մասին
ЛАЙФ«Ֆուլ Yere1»․ ահա այն նախագիծը, որն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հաջորդիվ կներկայացնի լսարանին: Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life-ին ու հայտնել, որ այն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 7-ից:
«Ներքին կարգով մենք այս նախագիծն անվանել ենք էքսպերիմենտալ: Հայկական հեռուստատեսության մեջ չի եղել նման նախադեպ: Որոշել ենք փորձարկել և վստահ ենք, որ շատ լավ է լինելու: Վերջին 10 տարվա ընթացքում ունեցել ենք 2 ռեյթինգային նախագիծ՝ Yere1 և «Ֆուլ հաուս»: Որոշել ենք միքսել այս նախագծերը՝ վերցնել Yere1-ի ձևաչափն ու «Ֆուլ հաուսի» կերպարները և անել հաղորդում, որը կկոչվի «Ֆուլ Yere1»: Պահպանելով «Ֆուլ հաուսի» կերպարների բնավորությունները՝ նրանք հայտնվելու են նոր իրավիճակներում։ Լինելու է շարունակական 4 տաբեր իրավիճակ, ինչպես Yere1-ում»,- նոր նախագիծը գաղտնազերծեց պրոդյուսերը:
Մի իրավիճակում կլինեն Զառան և Ռուբենը՝ Քրիստինա Եղոյանն ու Գարիկ Սեփխանյանը, մյուսում՝ Մուշեղը և Ֆելոն՝ Գրիգոր Դանիելյանն ու Գոռ Հակոբյանը, երրորդում՝ Կամոն՝ Աղաս Մանուկյանը, չորրորդում՝ Սերգեյը և Հրաչը՝ Մենչն ու Մոսո Կարապետյանը:
«Ֆուլ Yere1»-ի համար կառուցվում են նոր տաղավարներ, սակայն ձևաչափը թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել նաև դրսում, նկարահանումներ կլինեն նաև ԱՄՆ-ում․ «Սերգեյի և Հրաչի սյուժեն նկարահանվելու է ԱՄՆ-ում, քանի որ Մոսոն այնտեղ է ապրում, ես էլ հաճախ եմ մեկում ԱՄՆ, հասկացանք, որ այդպես ավելի արագ կազմակերպենք աշխատանքը»:
«Ֆուլ հաուսի» կերպարներից նախագծում ներգրավված չեն Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Մարջան Ավետիսյանը: Մենչը հայտնեց, որ նրանցից որևէ մեկի հետ որևէ խնդիր չկա, պարզապես Մարջանն ամուսնությունից հետո պարբերաբար ԱՄՆ է մեկնում և այժմ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, իսկ Միհրանն ու Արփին այս փուլում այլ զբաղվածություն ունեն, աշխատանքի համատեղումը հնարավոր չէ: Ըստ պրոդյուսերի՝ նրանց բացակայությունից նախագիծը չի տուժի, քանի որ սա «Ֆուլ հաուսի» շարունակությունը չէ:
Ինչ վերաբերում է «Ֆուլ հաուսի» մյուս կերպարների հետ հետագա համագործակցությանը՝ նա ասաց․ «Գուցե հաջորդ եթերաշրջանում նոր մարդիկ ավելանան, որովհետև կփորձենք կերպարները խառնել իրար: Հետագայում որևէ համագործակցություն չեմ բացառում, քանի որ սա էքսպերիմենտալ նախագիծ է՝ չնայած, տեսնելով սցենարը, ներքուստ վստահ եմ, որ հաջողված է լինելու: Այն լինելու է ավելի հումորային, քանի որ Yere1-ի ձևաչափը հումորի խտություն է պահանջում: Ձևաչափը տարբերվում է սիթքոմից: Ամեն սյուժեին տրամադրվում է 5-6 րոպե ժամանակ, որի ընթացքում պատմությունը սկսվում և ավարտվում է՝ պահպանելով կարմիր գիծը, որը կշարունակվի ամբողջ ընթացքում»: Մենչը նկատեց, որ այս եթերաշրջանում նախագծում կլինեն նաև նոր հերոսներ, որոնց կմարմնավորեն Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը և Տյուշը: Այս փուլում ստեղծագործական թիմն ընտրություն է անում ամերիկաբնակ հայ հայտնիների շրջանում նոր կերպար ընտրելու համար:
Այժմ Գոռ Հակոբյանն աշխատում է նախագծի սաունդթրեքի վրա: Ի դեպ, վերջին շրջանում Արմենը, որպես պրոդյուսեր, շարունակում է աշխատել միայն Գոռի հետ: Միհրան Ծառուկյանի և Քրիստինա Եղոյանի հետ համագործակցությունները դադարեցվել են:
«Հայկական մոտեցմամբ կոնֆլիկտային դադարեցում չի եղել: Քրիստինայի դեպքում պարզ է, որ խնդիր չկա, նա հիմա նկարահանվում է մեր նախագծում: Միհրանի դեպքում էլ որևէ կոնֆլիկտ չի եղել: Ես ուղղակի հասկացա, որ իմ ժամանակը չի ներում լիարժեք զբաղվել իրենց պրոդյուսինգով: Չէի ուզում, որ իմ պատճառով ինչ-որ մեկը խնդիր ունենար և որոշեցի շատ հանդարտ ու համերաշխ դադարեցնել մեր համագործակցությունն այդ ասպարեզում: Ի սկզբանե ինձ համար առաջնային չի եղել երգչի պրոդյուսեր լինելը: Ես 25 տարի է՝ աշխատում եմ հեռուստատեսությունում և ինձ համար առաջնայինը սա է: Գոռի հետ աշխատանքը շարունակեցինք, որովհետև Գոռն ունի իր ստուդիան, ինքն է գրում իր երգերը, իր հետ աշխատելն ավելի հեշտ է․ մենք չենք փնտրում երգ գրողի, խոսք գրողի, գործիքավորողի: Այդ ամենի վրա ժամանակ չկորցնելով՝ հասցնում ենք անել աշխատանքը,- ասաց նա: