Թանկյանի «խոստացած» բնակարանը.գնո՞ւմ, թե՞ անվանափոխություն
ПОЛИТИКАԱնցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում:
Սակայն մեր աղբյուրները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով:
Ի դեպ, դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաստանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու:
Չգիտեմ՝ արե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը: