Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ընթացքում հանգուցյալ հոր տեսանյութը դիտելիս չի կարողացել զսպել արցունքները
СПОРТ
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ընթացքում հանգուցյալ հոր տեսանյութը դիտելիս չի կարողացել զսպել արցունքները։
Հարցազրույցը վարել է Փիրս Մորգանը, որի կադրերը հրապարակվել են «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդման Twitter-ի էջում։
Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Ռոնալդուին 2004 թվականին՝ Ավեյրոյի մահից մեկ տարի առաջ արված և միայն վերջերս բացահայտված կադրեր է ցույց տվել, որտեղ ֆուտբոլիստի հայրը հպարտությամբ նորվեգական մամուլին պատմում է Ռոնալդուի ձեռքբերումների մասին:
«Երբեք չէի տեսել այս կադրերը»,- արտասվելով հայտնում է ֆուտբոլիստը։
Մորգանի այն հարցին, թե ինչն է նրան այսպիսի հուզականությամբ լցնում, ֆուտբոլիստը պատասխանել է․ «Այն, որ հայրս չի տեսնում հաջողություններս»։
«Ընտանիքս, մայրս, եղբայրներս, նույնիս ավագ որդիս, բացի հորիցս․․․ նա չհասցրեց տեսնել»,- հայտնել է «Յուվենտուս»-ի աստղը և խոստովանել․ «Ես իմ հորը մինչև վերջ չեմ չեմ ճանաչել։ Նա հարբեցող էր։ Նրա հետ երբեք իրական զրույց չեմ ունեցել»։
Հարբեցողությամբ տառապող Ժոզե Դինիս Ավեյրուն մահացել է լյարդի անբավարարությունից 52 տարեկանում, երբ ֆուտբոլիստը ընդամենը 20 տարեկան էր։
Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստը նաև խոսել է իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեզի և 2009 թվականին Լաս Վեգասի հյուրանոցում Քեթրին Մայորգի բռնաբարության մեղադրանքների մասին, որը նա բազմիցս հերքել է։
«Նրանք խաղում են քո արժանապատվության հետ։ Դու ունես ընկերուհի, ընտանիք, երեխաներ, ու նրանք որոշում են չարաշահել ազնվությունդ»,- հայտնել է Ռոնալդուն։
«Հիշում եմ՝ մի անգամ ընկերուհուս հետ հյուրասենյակում նստած միացրինք հեռուստացույցը՝ լուրերը դիտելու ու լուրերով հայտնում էին «Կրիշտիանու Ռոնալդուի մասին», ու երբ տեսա երեխաներիս աստիճաններով ցած իջնելիս, անմիջապես փոխեցի ալիքը, քանի որ ամաչում էի»,- հայտնել է ֆուտբոլիստը։