ՏՏ լուծումները վերաբերում են բոլորին՝ զինվորականներից մինչեւ գյուղատնտեսներ. DigiTec-2019
ЭКОНОМИКАՏՏ-տեխնոլոգիաների DigiTec ամենամյա տարածաշրջանային ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի կարող է գերազանցել 100 հազարը: Այդ մասին այսօր ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշել է, որ այս տարի լրանում է DigiTec-ի 15 տարին:
«Դա Հայաստանի հազվագյուտ կառույցներից մեկն է, որին հաջողվել է գոյատեւել այդքան երկար՝ չնայած բոլոր դժվարություններին»,-նշել է նա: Վարդանյանը հիշեցրել է, որ 2004 թվականին, երբ ցուցահանդեսն անցկացվում էր առաջին անգամ, մասնակցում էին ընդամենը 30 ընկերություններ, իսկ այցելուների թիվը 4 հազար մարդ էր: Հետագայում ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, մեծացել է մասնակիրցների եւ այցելուների թիվը: «Անցած տարի ցուցահանդեսն այցելել է 80 հազար մարդ, առաջիկա 3 օրերի ընթացքում մենք հուսով ենք անցնել հարյուր հազարի շեմը»,-նշել է նա: Վարդանյանը համոզված է, որ DigiTec-ը կայացած կառույց է, որը նաեւ ապագայում կներկայացնի Հայաստանը եւ հայ ծրագրավորողների աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է Կարեն Վարդանյանի եւ ասոցիացիայի ներդրումը DigiTec-ի կայացման գործում:
DigiTec ՏՏ տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 9-ը: Այստեղ կարելի է հանդիպել հայ մասնագետների ծրագրավորած պրոդուկտների լայն տեսականուն, ինչպես նաեւ օտարերկրյա արտադրողների արտադրանքը:
Պրոդուկտները ընդգրկում են ամենատարբեր ոլորտները՝ ռազմական արդյունաբերությունից մինչեւ գյուղատնտեսություն, առողջապահություն և այլն: Դրանք ներկայացված են հետեւյալ բաժիններում. համալիր ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ ՏՏ համակարգեր, ծրագրավորման եւ վեբ-լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, դիզայն եւ անիմացիա, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար:
Ցուցահանդեսին ներկայացված են ArMath ինժեներական լաբորատորիաների դասընթացներին այցելող հայ դպրոցականների գործերը: Երիտասարդ ինժեներները ներկայացրել են իրենց աշխատանքները ռոբոտատեխնիկայի, մասնավորապես, 3D մոդելավորման եւ 3D տպագրության ոլորտում: