Գալուստ Սահակյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական փակ լսումների կողմնակից է
ЭКОНОМИКАtert.am- ը գրում է.
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումները հավանաբար կլինեն այս քառօրյայից հետո. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու նշեց, թե հենց այդ ժամանակ էլ բոլոր հարցերին պատասխան կտրվի՝ հիմնավոր է ՀԷՑ-ի հայտը ՀԾԿՀ՝ հոսանքի գինը 17 դրամով թանկացնելու համար, թե` ոչ:
Նշենք, որ հաջորդ քառօրյան կլինի հունիսի 8-ից 11-ը:
«Բոլոր քաղաքական ուժերը զբաղվում են, հանրագումարը տեղի կունենա մեծ լսումներից հետո, որի ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք շատ դեպքում մամուլով աղավաղվում են, նաև այդ հարցադրումների պատասխանը կստանանք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե լսումները բաց կլինեն, թե փակ, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդհանրապես ինքը փակի կողմնակից է: «Ավելի շատ փակի կողմնակից եմ, որովհետև բացի դեպքում բոլորը ներկայանում են այնպես, որ նույնիսկ պատրաստ են եռաֆազը ընկնի գլխներին և կոտորվեն հանուն ազգի, իսկ փակ քննարկման դեպքում, փորձում են խնդիրները լուծել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ ինքը փակի կողմնակից է, նշեց, թե ինչպես կորոշեն խմբակցության ղեկավարները:
Մեր դիտարկմանը, թե 17 դրամով թանկացնելու հայտը տրամաբանական է համարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարևոր չէ 17 դրամով է թանկացումը, թե ընդհանրապես չի թանկացվում, խնդիրը միայն բարձրանալը և չբարձրանալը չէ, պետք է այնպիսի որոշում լինի, որ ինչ-որ չափով հասարակության կողմից հավանության արժանանա»:
Դիտարկմանը, թե հասարակությունը հավանություն է տալիս նրան, որ ընդհանրապես չբարձրանա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բնականաբար, լավ կլիներ, որ ամբողջ հասարակությունը՝ մեզանից սկսած, ընդհանրապես էներգիայի վարձ չվճարեին, բայց պետք է հաշվի առել ինչ պայմաններում ենք և ինչպիսի խնդիրներ կարող ենք կատարել»:
Իսկ հարցին, թե ճիշտ է, որ իրենց շքեղ ծախսերի համար ժողովուրդը վճարի, Գալուստ Սահակյանը նշեց, թե դա լրագրողներն են ասում: Լրագրողները հուշեցին, թե ոչ միայն իրենք, այլ նույնն ասել է նաև էներգետիկայի նախարարը, ԱԺ նախագահը կրկին նշեց, որ լսումների ժամանակ պարզ կլինի:
«Այդպես չէ և ժամանակը կգա, կտեսնենք: Դրանք թելադրված հայտարարություններ են, ավելի շիկացնելու իրավիճակը: Որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել, դրա համար լսումների ժամանակ այդ հարցերին պատասխան կտրվի: Որևէ ճոխություն չի կատարվել, և ես նախնական դա կարող եմ ասել, իսկ համոզիչ լինելու համար և՛ ընկերությունը կպատասխանի, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- եզրափակեց նա: