Անակնկալի եկանք. «Վարդաշեն» ՔԿՀ ղեկավարությունը ԼՀԿ պատգամավորներին թույլ չի տվել տեսակցել Արսեն Բաբայանին
ОБЩЕСТВО
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին եւ նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Գեւորգ Գորգիսյանը։
«Ինչպես գիտեք, դատարանը եւս այդ ձերբակալումը ոչ իրավաչափ համարեց, սակայն նաեւ բավարարեց միջնորդությունը, որպեսզի Արսեն Բաբայանին 2 ամսով կալանավորեն: Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին եւ տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները»,- ասաց Գորգիսյանը։
Գորգիսյանը հիշեց նաեւ ժամանակին երբ «Ելք» դաշինքը կար վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փորձում էին այցելել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ մեծ աղմուկ բարձրացավ. «Հենց այս հոդվածին հղում անելով փորձում էին նրանց թույլատրել»։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:



