«Շիլափլավ» սուպերնախարարություններում.
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։
Նախ՝ նախարարները, որոնց ենթակայության տակ են հայտնվել նեղ «սպեցիֆիկա» ունեցող բնագավառներ, ընդհանրապես պատկերացում չունեն այնտեղ առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։
Բացի այդ, համապատասխան ոլորտի պատասխանատու տեղակալներն իրենց հերթին չեն կարողանում լուծել հարցերը և նախարարին հանգամանալից բացատրել վիճակը։
Թերթն այս առիթով զրուցել է նաև սուպերնախարարություններից մեկի ստաժավոր մի աշխատակցի հետ, որը նշել է, թե տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձևական բնույթ է կրում, քանի որ իրականում իրենց նախարարության ներսում դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին, ինչն իր հերթին հաճախ հանգեցնում է անհարմար վիճակների՝ ոլորտի փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը։