Ինքնաթիռի պատկանելիության մասին տեղյակ չենք եղել, նախազգուշացրել ենք 10 անգամ. Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարություն ու ձայնագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է.
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական Սու- 24 ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։
Գլխավոր շտաբի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայում ՌԴ ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ, նրա հետ քննարկվել ու կարծիքներ են փոխանակվել միջադեպի վերաբերյալ:
Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:
Օդաչուներին գտնելու և փրկելու համար «Թուրքայի Հանրապետությունն ու զինված ուժերը մեծ ջանքեր են գործադրել»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք ՌԴ-ի ցանկացած հարցի պատասխանել են,հրապարակել են ինքնաթիռի հետագիծը պատկերող քարտեզը:

Մեկ այլ հաղորդագրությամբ թուրքական ԶՈՒ-ն ներկայացրել է ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես են անգլերենով զգուշացնում ռուս օդաչուներին՝ դեռ Թուրքիայի սահմանը չհատած։
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները նախազգուշացնում իրենց սահմաններին մոտեցող «չճանաչված ինքնաթիռին»:
«Խոսում է Թուրքիայի օդուժը՝ «guard» ալիքից: Դուք մոտենում եք Թուրքիայի օդային տարածքին, անհապաղ փոխեք ձեր ուղղությունը դեպի հարավ»,-ասված է զգուշացման մեջ:
Դրանից հետո թուրքական զինված ուժերին պատկանող F-16 կործանիչների արձակած հրթիռից խոցվել է ինքնաթիռը: Ռուս օդաչուները հասցրել են ինքնանետվել այրվող ինքնաթիռից:
Նշվում է, որ F-16-երը հարված հասցնելուց առաջ չեն նախազգուշացրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։



