ԵՏՄ-ում ներկրվող մաքսատուրքերի բաշխման հարցն այս տարի լուծվել է. փոխվարչապետ
ЭКОНОМИКАԵվրասիական տնտեսական միությունում ներկրվող մաքսատուրքերի բաշխման հարցը բարդ թեմա է, ոչ թե պարզապես մաթեմատիկական բանաձեւ։ Երկար քննարկումների արդյունքում լուծումը 2019 թվականին գտնվեց։ Այս մասին Երեւանում նոյեմբերի 28-ին կայացած ԵՏՄ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների համատեղ նիստում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ բանաձեւն արտացոլում է յուրաքանչյուր առանձին երկրի տնտեսական զարգացման մակարդակը։ «Ճշտվել են շատ գործոններ, որոնք նշանակություն ունեն ԵՏՄ մասնակից երկրների տնտեսությունների համար»,- նշել է նա։
Գրիգորյանը նաեւ ավելացրել է, որ միությունն արդեն ցույց է տվել իր կայացածությունը, ինչի մասին վկայում են ներքին ապրանքաշրջանառության եւ արտաքին առեւտրի ծավալները, ինչպես նաեւ շատ երկրների ցանկությունը՝ ունենալ գործնական հարաբերություններ ԵՏՄ-ի հետ։ «Միությունում բոլոր լուծումները ընդունվում են կոնսենսուսով, ինչը ինստիտուցիոնալ մոտեցման տեսակետից դրական գործոն է, բայց ազդեցություն է գործում որոշումների ընդունման արագության վրա։ Սակայն տարեցտարի այս բաղադրիչը բարելավվում է, եւ որոշումներն ընդունվում են ավելի օպերատիվ»,- ընդգծել է նա։
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ դա արվել է միությունում Հայաստանի նախագահության շրջանում, որի ժամանակ ստորագրվել են ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրեր Սերբիայի եւ Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչը բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի։ «Երեւանն ամեն ինչ արել է, որպեսզի ամրապնդի մասնակից երկրների ինտեգրումն ու ընդլայնի համագործակցության աշխարհագրությունը»,- հավաստիացրել է Մհեր Գրիգորյանը՝ ինտեգրացիոն գործընթացների հետագա ամրապնդման հույս հայտնելով։
Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 28-ին ընթանում է ԵՏՄ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների համատեղ նիստը։