«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
СПОРТ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ներկայացուցիչ Վանաձորի «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ մասնակցելու է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր նաև Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել է պաշտոնից, դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաեւ ՀՖՖ գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ եւ գործկոմ: