Ռուսաստանին Ղրիմի միացումն իսկական ողբերգություն է. Յանուկովիչ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնությանը Ղրիմի, այսպես կոչված, միացումն իրական ողբերգություն է, սակայն դրա վերադարձը չպետք է տեղի ունենա պատերազմի ճանապարհով։ BBC Newsnight-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, գրում է korrespondent.net-ը:
Յանուկովիչը նաև ընդգծել է, որ իր ղեկավարության օրոք այդ ողբերգությունը չէր լինի։
«Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, շատ վատ է: Մենք այսօր պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից… Այժմ պատերազմ է: Նրանք ասում են, որ պետք է վերադարձնել Ղրիմը: Ինչպե՞ս: Պատերազմո՞վ: Մեզ պե՞տք է ևս մեկ պատերազմ»,- ասել է նախկին նախագահը, ով գտնվում է ՌԴ-ում։
Ուկրաինայի նախկին նախագահը նաև հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Մայդանում ցուցարարների սպանության համար: Նա ընդգծել է, սակայն, որ իրավապահներին կրակելու հրաման չի տվել: Սակայն Յանուկովիչի խոսքով՝ նա բավարար քայլեր չի արել արյունահեղություն թույլ չտալու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուժայինները կրակ բացելու իրավունք ունեին։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինա վերադառնալու հույս ունի։
Հիշեցնենք, որ Յանուկովիչը ՌԴ է փախել 2014-ի փետրվարի վերջին՝ իշխանափոխությունից հետո։



