«Ինձ 25-26 տարեկան եմ զգում»․ Ռոզի Ավետիսովայի ամանորյա ֆոտոշարքն ու փիլիսոփայական վերաբերմունքն իր մեծանալուն
ЛАЙФ
Ռոզի Ավետիսովան ամանորյա տրամադրությամբ նոր ֆոտոշարք ունի։ Դերասանուհու կյանքում ևս նոր տարի է սկսվել․ օրերս նա նշել է 32-ամյակը։ Ռոզին Tert.am Life-ին է տրամադրել իր ֆոտոշարքն և խոսել տարիքի, մեծանալու ու Ամանորին ամենասպասված հրաշքի մասին։
Իրեն զգացողությունների մարդ համարող դերասանուհին ասաց, որ իրեն այնքան էլ հետաքրքիր չէ, թե անձնագրում կամ օրացույցին ինչ թիվ է, նա կարևորում է այն, ինչ իսկապես զգում է։
«Մեծանալու հետ կապված, երբեմն, անգամ հաճելի անհանգստություն եմ ունենում։ Ինձ համար յուրաքանչյուր տարեթիվ նոր բանի սկիզբ է։ Ինքս ինձ չեմ համոզում այդպես մտածել, իսկապես այդպես եմ զգում,- ասաց Ռոզին ու ժպիտով նկատեց,- Ես ինձ 25-26 տարեկան եմ զգում։ Ամեն տարվա հետ նոր զգացողություններ ու բացահայտումներ եմ ունենում և ամեն ինչ իսկապես նոր է լինում։ Չեմ մտածում, որ նախորդ տարին մեռնում է կամ այն, ինչ արել եմ անցած տարվա հետ գնում է, ինձ տրամադրում եմ, որ նոր ձեռքբերումներ են լինելու»։
Ռոզիի խոսքով՝ ցանկություններ ու երազանքներ շատ ունի, երբեք թույլ չի տալիս, որ նպատակների ցանկը նվազի: Ըստ դերասանուհու՝ կատարված ամեն ցանկությանը հաջորդում է նորը։ «Երազելու, ինչ-որ նոր ձեռքբերում ունենալու, ցանկանալու ընթացքը, կարծում եմ, չի դադարում, քանի դեռ մենք ապրում ենք։ Եթե փորձեմ տոկոսային հարբերությամբ ասել, 96% իրագործած ցանկություն ունեմ, անկատար է մնացել 4%-ը, ինչը, կարծում եմ, քիչ է։ Չկատարված ցանկություններիս մեջ շատ անձնական բաներ են,-ասաց Ռոզին ու ժպիտով հավելեց,- Ամեն տարի Ամանորին՝ կեսգիշերի զանգերից հետո, երազանքներ եմ պահում, մինչև հիմա Ձմեռ պապիկից գոհ եմ»։
Քանի որ դերասանուհու տարեդարձը աշնան վերջին է, երբ արդեն զգացվում է ձմռան շունչը, Ռոզին մեծ ցանկություն ունի տարեդարձը տոնել ծովում․ «Քանի որ արդեն դեպի ձմեռ ենք գնում, տարեդարձս նշելու մի ցանկալի տարբերակ կա: Ուզում եմ օրս անցկացնել ծովում՝ լողազգեստով։ Հուսամ՝ կկարողանամ իրագործել ցանկությունս: Առհասարակ, տարեդարձս հիմնականում ընկերներիս հետ եմ նշում: Մի շատ հետաքրքիր բան կա, գրեթե, միշտ նույն մարդիկ են լինում ծնունդիս, բայց ամեն տարի կարծես նոր լինի՝ չի կրկնվում, չի դառնում ձանձրալի։ Ինձ շրջապատող մարդիկ միշտ շատ հոգատար են իմ հանդեպ, սակայն տարեդարձիս օրը, ամեն դեպքում, հաճելի զգացողություններ եմ ունենում, որովհետև արժանանում եմ յուրահատուկ ուշադրության»։
Ռոզիի ֆոտոշարքն ընթերցողներին փոխանցում է ամանորյա տրամադրություն, չնայած դերասանուհու մոտ տոնական շունչը սկսվում է միայն դեկտեմբերի 31-ին: «Ամանորի տրամադրության մեջ լիարժեք մտնում եմ դեկտեմբերի 31-ին, հատկապես, երբ սկսում եմ ընկերներիս, ընտանիքիս համար նվերներ ընտրել։ Այս տոնի ամենասիրելի հատվածը կեսգիշերն է, իսկ ավանդական ընթացքն ինձ համար ամենաձանձրալի մասն է։ Ամանորի գիշերն ինձ համար, ինչպես մանկության տարիներին, այնպես էլ հիմա, հեքիաթային է։ Ամեն տարի այդ տոնն ընտանիքիս հետ եմ նշում, դա ավանդույթ է և չի փոխվում։ Կեսգիշերն ընտանիքիս հետ դիմավորելուց հետո գնում եմ ընկերներիս շնորհավորելու։ Շատ գեղեցիկ մաս է նաև կեսգիշերին նվերներով փոխանակվելը»,- եզրափակեց նա։