«Շուտով կտեսնեք ու, վստահ եմ, կզարմանաք». Գրիգի եւ Սոնայի ծովափնյա հանգիստն ու առաջիկա ծրագրերը
ФОТО
Գրիգ Գեւորգյանի ու Սոնա Եսայանի համար այս Նոր տարին տարբերվում էր նախորդներից: Որպես ամուսիններ իրենց համատեղ առաջին տարեմուտը նրանք դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրություններում:
«Երկուսիս համար էլ առաջին դեպքն էր, որ Նոր տարին Հայաստանից դուրս էինք նշում: Շատ տարբեր զգացողություններ ունեինք: Տաք եղանակն էլ նպաստեց տրամադրության կտրուկ բարձրացմանը: Հիանալի ժամանակ անցկացրինք, կարեւորը՝ կտրվեցինք աշխատանքային թոհուբոհից: 2012 թվականից հանգստի մեկնելու ժամանակ չենք ունեցել, շատ ենք շրջագայել, բայց բոլոր այցերն էլ աշխատանքային են եղել, ու ոչ մի կերպ չի հաջողվել հանգստանալ: Օգտագործելով ձմեռային արձակուրդները՝ փորձեցինք մի փոքր լիցքավորվել ու նոր ուժերով վերադառնալ աշխատանքի»,- BRAVO.am-ին պատմել է Սոնան՝ տրամադրելով հանգստի ժամանակ արված լուսանկարները:
Նա տոներն ավանդական տարբերակով նշելու կողմնակից է.«Մեր ավանդույթները շատ եմ սիրում, Նոր տարվա հյուր գնալ եւ հյուր ընդունելը՝ նույնպես, բայց կարծում եմ՝ կարելի է պարբերաբար այլընտրանքային տարեբակներ էլ գործածել, որ մշտականից չձանձրանանք: Ձմեռ պապիկն ինձ տարվա հաճելի սկիզբ է նվիրել եւ մի շարք լավ գաղափարներ, որոնցից անպայման կօգտվեմ»:
Դուբայում ամուսինների առօրյան հագեցած է եղել.«Շատ լավ ժամանակ ենք անցկացրել, բոլոր հնարավոր հրաշալիքներից օգտվել ենք:)»:
2019-ից զույգը բողոքներ չունի.«Թե´ աշխատանքային, եւ թե´ անձնական առումով բարեհաջող տարի էր, շատ շնորհակալ ենք անցած տարվանից: Այս տարվա հետ կապված էլ մի շարք ծրագրեր կան, որոնցից մի քանիսի փակագծերը չեմ բացում: Շուտով կտեսնեք ու, վստահ եմ, կզարմանաք»:
Պարուհին խոսել է երազանքների մասին.«Իմ երազանքներն ավարտ չունեն: Ինչի մասին երազում եմ, ամեն բան անում եմ իրականացման համար ու հետո սկսում եմ նոր բաների մասին երազել»: