Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 10.5 տոկոս
ЭКОНОМИКА2015 թ. հունիսի 23–ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:
2015 թ. մայիսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.8% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է 5.1%:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով:
Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ:
Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 թ-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 3-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):